Հուլիսի 26-ին տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքության եկեղեցական համագումար ժողովը, որի ընթացքում քննարկվել է պատրիարքի փոխանորդի պաշտոնից հեռացված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ստորագրության իրավունքից զրկելու հարցը:
Ժողովից հետո պատրիարքարանը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Աթեշյանը զրկվել է պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից: Այդ իրավունքը եկեղեցականների միաձայն որոշմամբ փոխանցվել է պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
Ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ այս որոշմամբ պատրիարքարանի ամբողջ գործունեության կառավարումը հանձնվեց Բեքչյան արքեպիսկոպոսին: Պատրիարքարանի բանկային հաշիվների նկատմամբ լիազորությունները նույնպես փոխանցվեցին Պատրիարքի տեղապահին: Այսպիսով՝ Աթեշյանն այլևս պատրիարքարանի անունից որևէ գործարք կամ գործողություն կատարելու լիազորություն չունի:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին տեղապահի ընտրություններում պարտություն կրելուց հետո Աթեշյանը հրաժարական չէր ներկայացրել պատրիարքի փոխանորդ պաշտոնից և հրաժարվել էր նախատեսված կարգով ընտրված տեղապահին փոխանցել պարտականությունները: Պոլսի պատրիարքության հոգևոր խորհուրդը հունիսի 28-ին Աթեշյանին պաշտոնանկ էր արել և դադարեցրել փոխանորդին տրված բոլոր լիազորություններն ու իրավունքները: