ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի հարկային քաղաքականության հարցերով ապագա օգնական Դեյվիդ Քոթերը պատրաստակամություն է հայտնել, որ եթե իր թեկնածությունը հավանության արժանանա, ապա ինքը կզբաղվի ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրով:
Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է Հայաստանն ու ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցում են, սակայն ամերիկյան կողմը համաձայնագիր կնքելու հարցում էական շահագրգռություն չի ցուցաբերում:
Այսօր կառավարության նիստից հետո, անդրադառնալով այս հարցին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերին կրկին այդ հարցը օրակարգ են բերելու: Օրերս էլ Իսրայելի հետ են ստորագրել կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր: Ընդհանուր առմամբ, նախարարի տվյալներով, արդեն 46 երկրի հետ ունենք կնքած այդպիսի համաձայնագիր:
«Այն տնտեսվարողները, որոնք որ ներդրումային որոշումներ են կայացնում, նրանք, միանշանակ նայում են հարկման դաշտը եւ այն երկրները, որտեղ որ կա երկկողմանի կրկնակի հարկման համաձայնագիր, դա նաեւ որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին, որպեսզի հետագայում, եթե տեղի ունենան ինչ-որ առումով տարաձայնություններ, միատիպ ձեւով մեկնաբանվի»,-ասաց պարոն Արամյանը` նշելով, որ ամերիկյան իրենց գործընկերների հետ այս հարցը մշտապես քննարկում են:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ