Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վանաձոր ՔԿՀ-ի դատապարտյալ Վազգեն Խաչիկյանի գործով առաջին դատական նիստը:
Հայցվոր ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Վազգեն Խաչիկյանի`բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելուց կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում, այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին:
Նիստը նախագահում էր դատավոր Տիգրան Գրիգորյանը: Տեղեկացվեց, որ կողմերը պատշաճ կարգով ծանուցված են եղել դատական նիստի մասին, սակայն նրանցից եւ ոչ մեկը չէր ներկայացել դատարան: Դատավորը որոշեց գործի քննությունը շարունակել առանց կողմերի ներկայության:
Հարուցված կատարողական վարույթի եւ ձեռնարկված կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Վազգեն Խաչիկյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Լոռու մարզի Ախթալա համայնքի Սպանդարյան 23/2 բնակարանը: Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Վազգեն Խաչիկյանի ունեցած բաժնեմասի նկատմամբ:
Դատավոր Տիգրան Գրիգորյանը զեկուցեց, որ դատախազությունը չի ներկայացրել նշված հասցեի տանը Վազգեն Խաչիկյանի համասեփականատեր լինելու հանգամանքը: Դրանով պայմանավորված, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը: Հարցումների միջոցով պարզելու համար, թե արդյոք պատասխանողի սեփականության իրավունքն առկա՞ է հիշյալ հասցեի բնակարանի նկատմամբ, թե ոչ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը: 2006-2010 թվականներին Խաչիկյանը եւ 12 աշխատակիցներ յուրացրել են մահացած կամ Հայաստանից բացակայող կենսաթոշակառուների թոշակների ավելի քան 260 միլիոն դրամ գումարը, որի համար 2014թ. դեկտեմբերի 8-ին Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:
Վազգեն Խաչիկյանի կողմից պետությանը վնաս պատճառելու հանգամանքը հաստատվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Դատարանը, որոշել էր Վազգեն Խաչիկյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 29.000.000 դրամ, իսկ համապարտության կարգով՝ 97.620.880 դրամ եւ 27.532.536 դրամ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ