ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին:
Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշելով, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական ու մշակութային առնչությունները հիմք են հանդիսացել այդ հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-իսրայելական խորհրդարանական համագործակցությանը, կարեւորել է բարեկամական խմբերի գործունեությունն ու փոխայցերը, ինչը, ըստ նրա, կնպաստի նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ խորհրդարանի ղեկավարն ասել է. «Հոլոքոստի արհավիրքով անցած եւ զրկանքներ կրած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավն ու պատմական արդարության վերականգնման պահանջը»:
Ցախի Հանեգբին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին ջերմ ընդունելության համար: Նա, ներկայացնելով Հայոց ցեղասպանության թանգարանից ստացած իր տպավորությունները, նշել է. «Ուրախ եմ, որ Ցեղասպանության թանգարանից գալիս եմ Հայաստանի ժողովրդավարության տուն, որը խորհրդանշում է հայի վերապրումն ու զարգացումը: Հրեա ժողովուրդը նույնպես անցել է նման տառապանքի միջով»: Նախարարի խոսքով՝ երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները պարտավորեցնում են առավել ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա իսրայելա-հայկական հարաբերությունների առաջխաղացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Իսրայելի Պետության Կնեսետի բարեկամական խմբի՝ սեպտեմբերին Հայաստան նախատեսվող այցին: Հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն