Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար ներկայումս որեւէ հիմք չկա:
Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով «Տաշիր Կապիտալ»-ի ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի մոտ 70% բաժնետոմսերի գրավադրմամբ վարկ ներգրավելու գործընթացին:
Հիշեցնենք, «Տաշիր Կապիտալ»-ը դիմել է կառավարություն՝ համաձայնություն ստանալու ՀԷՑ-ի՝ 69,9999594% կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերը գրավադրելու եւ վարկ ստանալու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ):
Հայաստանի էլեկտրական ցանցերի՝ ՀԷՑ-ի տեղեկատվության համաձայն, Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին 80 միլիոն դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը եւ էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:
Ըստ նույն աղբյուրի, ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով. 2016 թվականին մոտ 10% -ից մինչեւ 2021 թվականը հասցնելով 8%-ի: ՀԷՑ-ի ղեկավարությունը վստահեցնում է՝ «ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի եւ դրա բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները եւ շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման եւ անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել եւ ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաեւ՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ եւ վերահսկման ավտոմատացված համակարգ»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի դիտարկմամբ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ի ամրագրած տեխնոլոգիական կորուստները ներկայիս սակագնի մեջ 11.2% են կազմում, հիմա ՀԷՑ-ի հաշվետվությունների համաձայն այն կազմում է մոտ 9.8-10%. եւ եթե ներկա պայմաններում վարկ է վերցնում, կամ եթե այլ ձեւով էլ բարելավի կորուստները, դա սակագնի վրա չի կարող ազդեցություն ունենալ: Դա կունենա ազդեցություն ՀԷՑ-ի ֆինանսական բարելավման վրա: Վրաստանում սակագնի մեջ 5 % է ընդունելի կորուստները, իսկ մեզ մոտ 11.2% է: Այսինքն՝ կապ չունի ՀԷՑ-ն ունենար 11%, թե՝ 8% տեխնոլոգիական կորուստներ, ասենք՝ 15%-ի դեպքում ավելի վատ կլիներ, 8%-ի՝ դեպքում՝ ավելի լավ. ՀԾԿՀ-ի մեթոդաբանությամբ այժմ սպառողը վճարում է 11.2% տեխնոլոգիական կորուստ, սա սակագնի վրա ազդեցություն չի ունենում»:
Մանուկյանը նկատեց, որ հանձնաժողովը չի սահմանել կետ, ըստ որի կարողանա ՀԷՑ-ին ասել՝ կորուստներդ 8 %-ի է հասնում, կարող ենք փոխել սակագինը, եւ սա, ըստ տնտեսագետի, խնդիր է:
«Ժամանակին հանձնաժողովն ամրագրել էր, որ ցանցերն ավելի մաշված էին, բայց նրանք այսքան ժամանակ ներդրում էին անում: Իմ կարծիքով՝ ժամանակն է 11.2% կորուստն էլ վերանայվի, սա բավականաչափ բարձր է, եթե մենք համեմատում ենք տեխնոլոգիական կորուստների միջազգային գնահատականները»,-ասաց Մանուկյանը:
Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովի կայքում էլ որեւէ տեղեկություն չկա, ըստ որի ՀԷՑ-ը ներկայացրած կլինի տարեկան ծախսերն ու հաշվետվությունները, որի հիման վրա էլ որոշ հարցերի պատասխաններ կունենային սպառողները, տնտեսագետը նկատեց. «Այո, կայքում որեւէ կարգի հանրային տեղեկատվություն չկա, որ ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել սակագնի վերանայման հարցով: Զուտ այս բաժնետոմսերի գրավադրումը չի բերում սակագնի վրա ազդեցության, որովհետև ՀԷՑ-ի պորտֆելում բավականին մեծ վարկեր եւ փոխառություններ կան, մոտ 100 միլիոն դոլարի, որից, ի դեպ, «ՌԱՕ Իտեռա»-ից վարկ են վերցրել: ՀԷՑ-ի բալանսում երեւում է՝ 40 միլիոն եվրո՝ 10%-ով վարկ, որը այս պահին շատ բարձր տոկոս է, ես դեռ չեմ ասում, որ ՀԷՑ-ի շահութաբերությունը բարձր է ու ավելի ցածր տոկոսով պիտի վարկը լիներ: Հիմա ենթադրենք, որ վարկ են վերցնում այս վարկային հարաբերություններում արդյունավետությունը բարձրացնելու համար, սա էլի լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի ՀԷՑ-ի շահույթը մեծանա՝ առանց սակագնի վրա ազդեցության: Ակնկալել, որ առաջիկայում հայտ կներկայացնեն սակագնի բարձրացման համար, սպասելի չէ, որովհետեւ հիմնավոր չէ»:
Ըստ տնտեսագետի, ՀԷՑ-ը եթե այս վարկով տեխնոլոգիական կորուստները հասցնի 8%-ի, սա անում է ավելի շատ շահույթ ակնկալելով, այսինքն՝ այս վարկը չի կարող ազդել էլեկտրաէներգիայի թանկացման վրա. «Բայց 2018-ին, երբ «Գազպրոմը» հանձնաժողովին հայտ կներկայացնի սակագնի վերանայման համար, նրանից հետո կդիմի նաեւ ՀԷՑ-ը եւ այդ ժամանակ էլ այդ թեմայով ցնցումներ կլինեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ