2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ամբաստանյալների պաշտպանների՝ իր դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է:
Այնուհետեւ շարունակվեց ամբաստանյալների պաշտպանների ներգրավման գործընթացը: Հետո ընթացակարգը հասավ նրանց իրավունքների եւ պարտականությունների ներկայացմանը:
Դատավորն ընդառաջեց պաշտպաններից Հարություն Բաղդասարյանի խնդրանքին եւ ամբաստանյալներին դատարան բերել տվեց ոչ թե մեկ -մեկ, այլ բոլորին միանգամից:
Իրավունքներն ու պարտականությունները ներկայացնելուց հետո դատավորն ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ իր դեմ բացարկի միջնորդություն ունե՞ն: Ամբաստանյալները միաձայն ասացին, որ՝ «այո»:
Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանն ընդհատեց դատավորին, ասելով՝ «ո՞ւր է իմ պաշտպան Մուշեղ Շուշանյանը»: Հիշեցնենք, որ Շուշանյանը քանի նիստ է՝ ներկա չէ, քանի որ, ըստ իր պնդման, դատարանի կարգադրիչներն իրեն ոչ թե զննում են, այլ խուզարկում: Դատավորը, սակայն, ասաց, թե նա չի ցանկանում ներկայանալ, ինչն առաջացրեց ամբաստանյալների եւ մյուս պաշտպանների դժգոհությունը:
«Ամբաստանյալներին բերում ենք, բայց նրանք հետեւություններ չեն անում ու դատավորի գալուն պես ոտքի չեն կանգնում: Կիրառում եմ բոլորի հանդեպ սանկցիա՝ նախազգուշացում: Պարոն Լիպարիտ Սիմոնյան, չորս նիստ է՝ չեք գալիս, հետո էլ ասում եք, թե ամբաստանյալներին տանում-բերում ենք անընդհատ էս շոգին, մեղք չե՞ն»,-նկատեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Մարտիրոս Հակոբյանը, հայտնի որպես «Դեդ», տեղից միջամտեց. «Մենք մեղք չենք, դուք եք մեղք»:
Փաստաբաններից Հրանտ Գեւորգյանի նյարդերն էլ տեղի տվեցին, նա բղավեց դատավորի վրա, ինչի համար նախազգուշացում ստացավ: Դատավորն ասաց, որ եթե նա շարունակի տեղից խոսել ու ընդհատել, սանկցիա կկիրառի: «Ինչքան ուզում ես՝ կիրառի»,-կրկին բղավեց Հրանտ Գեւորգյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին ընդհատեց նիստը՝ Հրանտ Գեւորգյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ