Երեւանի բնակիչները «Երկիր ծիրանիի» ավագանու եւ կուսակցության անդամների հետ հանդիպումներում բողոքներ են ներկայացրել նաեւ առողջապահության, սոցիալական պաշտպանվածության, վերելակային տնտեսության խնդիրների վերաբերյալ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն ասաց, որ քաղաքացիները հիմնականում բողոքել են, որ ունենալով հաշմանդամության կարգ, վճարումներ են կատարել բուժօգնության ընթացքում: Պարզվում է՝ այդ վճարումները կատարվել են տարբեր տեսակի բժշկական գործիքների՝ արհեստական ոսպնյակ, արհեստական հոդ, ստենտ եւ այլն, ձեռքբերման համար: Բազմաթիվ քաղաքացիներ բողոքել են նաեւ հաշմանդամության կարգից իրենց զրկելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ստելլա Աղաջանյանն էլ շարունակելով գործընկերոջը, նկատեց, որ համատարած թշվառության ֆոնին քաղաքապետարանի հսկայական եւ շքեղ շենքը իր 2000 աշխատակիցներով նմանվում է «խրախճանքի՝ ժանտախտի պահին»: Տիկին Աղաջանյանի փոխանցմամբ՝ ամսական 1 մլն դոլար գումար է տրամադրվում քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Իրինա Հարությունյանն էլ ասաց՝ վերելակ կամ տրանսպորտ նստելիս ինքն անպայման խաչակնքում է:
Գոհար Արշակյանն էլ բարձրաձայնեց Վերին Զեյթուն թաղամասի բնակիչներին արդեն տասնամյակներ շարունակ մտահոգող վերգետնյա անցումի հարցը: Ռուբինյանց փողոցի այդ հատվածում ճանապարհի թեք եւ անտեսանելի լինելու պատճառով հաճախակի են վթարներ լինում եւ քաղաքացիները, որոնք փողոց են անցնում երթեւեկության կանոնները պահպանելով, դառնում են այդ վթարների զոհ: Այս խնդիրը 30 տարվա պատմություն ունի: 30 տարի ի վեր քաղաքային տարբեր իշխանություններ երեւանցիներին խոստանում են մի փոքր վերեւ՝ Վերին Զեյթունի խաչմերուկում գետնանցում կառուցել ու հարցը լուծել, բայց սայլը տեղից դեռ չի շարժվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ