Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս տարի արդեն չորս կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով

Հուլիս 27,2017 14:32

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տվյալների համաձայն` այս տարի աճել է նրանց դիմած բռնության ենթարկված կանանց թիվը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինա Պետրոսյանը հիշեցրեց, որ 2016-ին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններն ունեցել են 5000 ահազանգ, իսկ 2017-ի հունիսի 30-ի դրությամբ միայն կանանց իրավունքների կենտրոնի դիմումների համաձայն`արդեն 773 ընտանեկան բռնության ահազանգ կա, 267 այց կանանց ճգնաժամային կենտրոն: Մարզային մասնաճյուղերում գրանցվել է ընտանեկան բռնության 1031 ահազանգ և 563 այց. «Սա տխուր իրավիճակ է: Օրենսդրության բացակայության պայմաններում հ/կ-ները շարունակում են աշխատել բազմաթիվ խոչընդոտներով: Խնդիրներից առաջինն այն է, որ կնոջ ահազանգից հետո, երբ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանում, միայն ստորագրություն է վերցնում բռնարարից, իսկ դա պատիժ չի կարող համարվել: Իսկ երբ ոստիկանությունը հեռանում է, էլ ավելի ծանր բռնության են ենթարկվում կինն ու երեխաները: Ունեցել ենք դեպքեր, երբ կինը ստիպված է եղել փախչել տնից, գնալ ոստիկանություն, իսկ ոստիկանությունից մեզ են ահազանգել, թե կին ու երեխաներ կան մեզ մոտ, ի՞նչ անենք: Միայն այս տարի արդեն 96 կին և 130 երեխա ենք ուղղորդել ապաստան: Մեզ դիմողների թիվն աճել է, դա ոչ միայն բռնության դեպքերի աճի հետ է կապված, այլ նրա հետ, որ կանայք իրազեկված են, որ կարող են դիմել մեզ»:

Տիկին Պետրոսյանը կարևորեց ընտանեկան բռնության մասին օրենսդրություն ունենալը, սակայն ըստ նրա` բացի օրենքից, կարևոր են նաև ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինչպիսին է, օրինակ, ընտանեկան դատարան ունենալը:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հայտարարեց, որ Թագուհի Մանսուրյանի դեպքը https://www.aravot.am/2017/04/18/879025/ լիովին ցույց է տալիս, թե ինչքան անկատար, թերի ու անպատասխանատու է մեր համակարգը կնոջ և ընտանիքի պաշտպանության առումով. «Թագուհու մայրը զոհվեց, իսկ Թագուհին ու հայրը նրա նախկին ամուսնու կողմից ստացան մարմնական ծանր վնասվածքներ, երեխաների գործոնն էլ կա, որ գրեթե ականատես են եղել: Հիմա ընթանում են վկաների հարցաքննությունները: Ուզում եմ հիշեցնել, որ սա այն դեպքն էր, երբ Թագուհին մինչև դեպքի տեղի ունենալը բազմիցս դիմել էր ոստիկանություն: Պետությունն՝ ի դեմս ոստիկանության, քաջ տեղյակ էր եղել կնոջ նկատմամբ շարունակական բռնության մասին: Հենց կացնահարության գիշերն էլ կային նախադրյալներ, բայց ոստիկանությունը չկանխեց: Փոխանակ նախկին ամուսնուն տանելու ոստիկանության բաժին, Թագուհուն ու նրա մորն էին տարել, իսկ երբ նրանք վերադարձան, ոստիկանության աշխատակիցներին խնդրել էին, որպեսզի ստուգեն՝ հաստատ նախկին ամուսինը դեպքի վայրում չէ՞: Ոստիկանն ընդամենը թեթև հայացք է նետել ու ասել, որ այնտեղ չէ, մինչդեռ բռնարարը շքամուտքում է գտնվել և հենց այդ գիշեր էլ կատարել բռնարարքը»:

Անահիտ Սիմոնյանը վստահեցրեց, որ Թագուհու դեպքի առկայությունն այն բացահայտ փաստն է, որը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում ընտանիքում, երբ չկան օրենսդրական կարգավորումներ, երբ ընտանեկան բռնությունը չի դիտարկվում որպես հստակ սպեցիֆիկա ունեցող բռնության տեսակ:

Անահիտ Սիմոնյանը նաև շեշտեց, որ Թագուհու նախկին ամուսինը մինչ այդ պայմանականորեն դատապարտված է եղել` բռնության ենթարկելու գործով: Մինչդեռ, եթե ունենայինք ընտանեկան բռնության մասին օրենսդրություն, Թագուհու ամուսինը չէր լինի ազատության մեջ և իրեն խրախուսված ու մոտիվացված չէր զգա կատարել բռնություն:

«Հասարակություն առանց բռնության» հ/կ ներկայացուցիչ ղեկավար Լիդա Մինասյանը փաստեց, որ այս տարի արդեն ունեցել են ընտանեկան բռնության հետևանքով չորս սպանության դեպք, իսկ 2016-ին ողջ տարվա կտրվածքով այդ թիվը 11-ն էր: Նա ևս կարևորեց ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը. «Պետությունն այս պահին ունի պարտավորություն ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելու հարցում: Հաճախ խոսում ենք կանանց նկատմամբ ընտանեկան բռնության մասին, բայց բռնություն կիրառվում է նաև ընտանիքի այլ անդամների կողմից այլ անդամների նկատմամբ: Դա չի կարող չանդրադառնալ երեխաների հոգեբանության բնականոն զարգացման վրա: Ընտանեկան բռնության մասին օրենքը կարևոր է հատկապես նրա համար, որ քրեականացնի ընտանեկան բռնությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31