Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հայտարարում է՝ համայնքապետարանների կրթության բաժինների աշխատակիցները իրենց համակարգիչներով օրվա հիմնական մասը զբաղված են ֆիլմեր նայելով, մինչդեռ ոլորտը բարձիթողի վիճակում է:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տիկին Աղեկյանն անդրադարձավ նախադպրոցական կրթական համակարգին: Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 մանկապարտեզ, դրանցից շատերում բարենպաստ եւ գրավիչ պայմաններ ապահովված չեն: Դրանք նաեւ համապատասխանեցված չեն ներառված սաների ֆիզիկական պահանջներին: Մանկապարտեզ է հաճախում 30953 երեխա, իրենց հերթին են սպասում 30000-ից ավելի երեխաներ, շատերի հերթն այդպես էլ չի հասնում եւ նրանք դպրոց են հաճախում առանց նախադպրոցական կրթության:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Աղեկյանի կարծիքով՝ հնարավորություն կա բոլոր երեխաներին նախադպրոցական կրթության մեջ ներառելու համար: Քաղաքային բյուջեն թույլ է տալիս ավելացնել մանկավարժների եւ դայակների թիվը:
Տիկին Աղեկյանը խոսեց նաեւ այդ հաստատություններում աշխատողների ցածր աշխատավարձերի մասին: Դաստիարակներն, ըստ նրա, ստանում են 79.000 դրամ աշխատավարձ, ինչի արդյունքում, բնականաբար, աշխատանքի են հաճախում ցածր տրամադրությամբ: Դա իր ազդեցությունն է թողնում երեխայի կրթության վրա:
Սոնա Աղեկյանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն իրողությանը, որ նախակրթական հաստատություններում խմբերը բավական ծանրաբեռնված են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ