Լրահոս
Օրվա լրահոսը

50 միլիոն դոլար արժողությամբ նվեր «Սպայկային» (Տեսանյութ)

Հուլիս 27,2017 13:54

Երեւանի նորընտիր ավագանին 3 նիստ է հասցրել գումարել, որից մեկը՝ արտահերթ, եւ որն ամենաշատն է մտահոգում Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Հուլիսի 16-ին կայացած ավագանու արտահերթ նիստում, առանց նախնական քննարկումներ անցկացնելու, Երեւանի ավագանին իր ՀՀԿ-ական մեծամասնությամբ 83 միավոր հողատարածք օտարելու որոշումներ է կայացրել:

Թե ինչ հողատարածքներ են դրանք, որտեղ են գտնվում եւ դրանց ազատ լինելու մասին տեղեկությունները, ինչու քաղաքապետարանի կայքում դրված չեն՝ «Երկիր ծիրանի» խմբակցության համար անհասկանալի է:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփելով ավագանու եւ քաղաքապետարանի կարճատեւ գործունեությունը՝ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց նաեւ օտարված հողատարածքներից մեկի պատմությունը: 164 հա հողատարածքը, որը ավագանու օտարած 83 միավոր հողատարածքներից մեկն է, ինչպես հետագայում պարզվեց՝ կառավարությունն իր որոշումով նվիրաբերել է «Սպայկա» ընկերությանը: Այդ հողատարածքի շուկայական արժեքը, ըստ Զարուհի Փոստանջյանի՝ 50 մլն դոլար է:

Հետաքրքիրն այն է, որ «Սպայկա» ընկերությանը ինչ-որ անհասկանալի ձեւով հայտնի է դառնում այդ հողատարածքի ազատ լինելու մասին, հենց հուլիսի 16-ին ընկերությունը դիմում է քաղաքապետարան, ներկայացնում ներդրումային ծրագիր եւ նույն օրն էլ օտարման որոշումը կայացվում է:

Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը ընդգծեց, որ կառավարության այս նվիրատվությունից առաջ ֆիննախը եզրակացություն է տվել, փաստելով, որ այդ գործարքն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում: Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ նվիրատվության որոշումը կայացվել է Բաղրամյան 26-ում:

Այլ մանրամասները, տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ է պատրաստվում իրագործելու Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու իր խոստումը: Զարուհի Փոստանջյանը մանրամասնեց, որ սեպտեմբեր ամսից ավագանու «Երկիր ծիրանու» խմբակցությունը Երեւանի քաղաքապետին իր մեծամասնությամբ պատրաստվում է դիմավորել դատարաններում: Խմբակցությունը մի շարք հայցեր է պատրաստելու Երեւանում հողհատկացումների, քաղաքապետարանում գրանցված 2000 աշխատակիցների, որոնց մի մասն աշխատանքի չի հաճախում եւ տարբեր ծրագրերով մսխված գումարների մասով:

«2007 թվականից Երեւանի քաղաքապետարանին 100 մլն եվրոյին համարժեք գումար է տրամադրվել Երեւանի ջրահեռացման եւ ջրամատակարարման խնդիրների համար»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, հիշեցնելով, թե ինչ ջրհեղեղի ականատես եղանք հորդառատ անձրեւի պատճառով ընդամենը մի քանի ամիս առաջ:

Դատական ատյաններում քաղաքապետարանի անգործությունը վիճարկելու գործընթացում «Երկիր ծիրանին» կներգրավի նաեւ երեւանցիներին: Հայցերը կներկայացվեն քաղաքացիների ստորագրահավաքներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31