«Քաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք, մեր գործընկերները հանրության ընդդիմադիր հատվածը ներկայացնող քաղաքացիներն են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի ավագանու համանուն խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նա պատասխանում էր լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ քաղաքական դաշտում ընդդիմադիր գործընկերները Զարուհի Փոստանջյանին կոչ են անում դադարեցնել վհուկների որսը:
Հիշեցնենք՝ երեկ նման կոչով հանդես էր եկել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը՝ հերթական անգամ պատասխանելով Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ «Ելքը» իշխանության սպասավորն է:
Զարուհի Փոստանջյանն այսօր էլ կրկնեց. «Իրենց բոլորին ճանաչում ենք այս համակարգի սպասարկու»:
Զարուհի Փոստանջյանի համար կապ չունի՝ այդ քաղաքական միավորը «Ելք» է կոչվում, ՀՀԿ, թե մեկ այլ անվանում ունի. «Եթե քվեարկում են ինչպես Սերժ Սարգսյանի ցանկությունն է, ուրեմն նրա սպասարկուն են»:
«Ելքի» քվեարկությունները կամ «Ելքի» ղեկավարների նախորդ գումարման խորհրդարանում կատարած քվեարկությունները, ըստ Զարուհի Փոստանջյանի՝ բխել են Սերժ Սարգսյանի ցանկություններից:
Զարուհի Փոստանջյանը խոստանում է «Երկիր ծիրանիի» եւ Հայաստանի Հանրապետության ակտիվ ընդդիմադիր քաղաքացիների հետ քանդել այդ «գործակալական ցանցը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ