Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր առաջ կին է, հարգալից խոսեք». «Սասնա ծռերի» պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

Հուլիս 27,2017 12:58

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստն այսօր սկսվեց 3 ամբաստանյալով՝ Արամ Մանուկյան, Գեւորգ Իրիցյան, Հովհաննես Հարությունյան: Մյուսները դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար որոշակի ժամանակահատվածով հեռացված են նիստերից:

Պաշտպանները կրկին դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հիմնավորեց. «Դուք դատավարական գործողություններ եք կատարել այն դեպքում, երբ ես նախապես նշանակված այլ նիստերում բացակայում էի այս նիստից, իսկ պաշտպանյալս սանկցիայի էր ենթարկված: Դուք պարտավոր էիք հետաձգել նիստը: Դա պետք է անեք նաեւ հիմա, քանի որ պաշտպանների մի մասը ներկա չէ: Դուք օրենք եք խախտում եւ կամայականորեն իրականացնում դատավարությունը: Դուք ամբաստանյալների պաշտպանական իրավունքի կոպիտ խախտումներ եք թույլ տվել, անհիմն սանկցիաներ կիրառել պաշտպանների եւ ամբաստանյալների հանդեպ: 10 տարվա դատավոր լինելով՝ դուք երբեւէ՝ այլ գործերով, աչքի չեք ընկել նման փաստերով: Դուք շահագրգռվածություն ունեք այս գործով: Դա հատկապես երեւում է, երբ կնոջը դիմում եք «պարոն»-ով…Բացի այդ, մինչ օրս այս գործով տուժող չի ներկայացել: Համոզված եմ, որ դուք նրանց չեք ծանուցել»:

Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանը որպես դատավորի ինքնաբացարկի միջնորդության հիմք նշեց այն փաստը, որ դատավորը մինչ օրս չի քննել նախապես ներկայացված միջնորդությունն առ այն, որ Հարությունյանին պետք է քաղաքային հիվանդանոց տեղափոխել. «Դուք նրան անընդհատ ընդմիջումներին տանում-բերում եք, մինչդեռ նա ոտքի լուրջ վնասվածք ունի, դա վնասում է նրան»:

Դատավորը բարկացավ՝ ասելով, որ դա կապ չունի իր բացարկի միջնորդության հետ: «Ես հարգալից եմ խոսում ձեր հանդեպ, ինձ վրա չբղավեք»,-հայտարարեց Հայարփի Սարգսյանը:

Միջամտեց պաշտպաններից Հրանտ Գեւորգյանը՝ դատավորին հորդորելով իգական սեռի ներկայացուցչի հանդեպ հարգալից լինել. «Դուք փաստաբանի հետ գործ ունեք, այդ տոնով մի փորձեք խոսել կնոջ հետ, փողոցում չենք»:

Պաշտպաններն ու դատավորը կրկին վիճեցին եւ իրար մեղադրեցին նիստերը տապալելու մեջ: «Հանուն արդար դատաքննության՝ բավարարեք մեր միջնորդությունը, այլապես ՀՀ-ն կկանգնի ՄԻԵԴ-ի առաջ»,-իր հերթին հայտարարեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Դատավորն ընդմիջեց նիստը՝ իր ինքնաբացարկի առնչությամբ որոշում կայացնելու նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31