Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական դաշտում մեռելային լռություն է. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 27,2017 12:25

Քաղաքական ամառը Հայաստանում, որպես կանոն, ամառային տապին հակառակ, թեժությամբ աչքի չի ընկնում՝ լինում են, իհարկե, բացառություններ, որոնք ոչ թե հերքում, այլ, հակառակը, հաստատում են օրինաչափությունը, բայց որ բառի բուն իմաստով «մեռած» լիներ, ինչպես այս օրերին՝ ինչ-որ չենք հիշում։
Խորհրդարանական ընդդիմությունը, հանձինս «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների, կառավարության նախաձեռնությամբ հրավիրված «արտահերթերի» հարահոսից խոնջացած՝ վայելում է վաստակած հանգիստը։
Ծառուկյանցիներից ընդհանրապես ձեն-ձուն չկա, «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն էլ, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Էդմոն Մարուքյանի հայտնի հայտարարության վերաբերյալ առանձին կցկտուր մեկնաբանություններից հետո, անցել են «ընդհատակ», չհաշված «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի հետ շարունակվող հեռակա բանավեճը։

Իսկ երբ փորձում ես հավելյալ պարզաբանումներ ստանալ՝ ի վերջո, դա ընդամենը Մարուքյանի անձնական կարծի՞քն էր, թե՞ քաղաքական դիրքորոշում, որ կարող է շարունակություն ունենալ ԱԺ սեղանին դրված օրենսդրական նախաձեռնության տեսքով, խուսափում են ուղիղ հարցին ուղիղ պատասխանելուց. կա՛մ ասում են՝ ինչ ասելու էինք, արդեն ասել ենք, ավելացնելու բան չունենք, կա՛մ խոսքը կտուրն են գցում, թե՝ խմբակցությունն այդ հարցը չի քննարկել. երբ քննարկենք, այն ժամանակ կխոսենք։
Ինքը՝ հայտարարության հեղինակը, մեզ հետ հեռախոսազրույցում, ինչպես ինքը կասեր, «անհավես, անէնտուզիազմ» տոնով արձանագրեց՝ ամեն ինչ հնարավոր է, բայց հիմա ժամանակը չէ զարգացնելու այդ թեման. քաղաքական դաշտը «արձակուրդի» մեջ է՝ սեպտեմբերին դուրս կգա ամառային թմբիրից, կմտածենք՝ անդրադառնա՞լ այդ խնդրին, եթե այո՝ ինչպես եւ ինչ ձեւաչափով։
«Կիսախորհրդարանական» ընդդիմությունը՝ Երեւանու ավագանում ներկայացված «Երկիր ծիրանին» 5 հոգանոց խմբակցությունն օտար տարրերից՝ արական սեռի ներկայացուցիչներից «ազատելուց» հետո նույնպես կենդանության նշաններ ցույց չի տալիս, բացի նրանից, որ դեպքից դեպք «Ելքի» իրենց գործընկերներին (եթե կարելի է այդպես արտահայտվել) մեղադրում է իշխանության դրածոն եւ կամակատարը լինելու մեջ։
«Ելք»-ականները դեռեւս ձեռնպահ են մնում «սամ տակոյ»-ի հանգույն կոշտ հակադարձումներից՝ երեւի չեն ուզում վերջնականապես այրել կամուրջները եւ առայժմ մնում են կոռեկտության սահմաններում։ Չնայած հանգիստ կարող էին հակընդդեմ մեղադրանք ներկայացնել «Երկիր ծիրանիի» առաջնորդին, ասելով, որ Զարուհին կատարում է իշխանության պատվերը՝ վարկաբեկելով միակ ինստիտուցիոնալ ընդդիմությանը, որ կարող է եւ ուզում է ռեալ այլընտրանք դառնալ իշխող կուսակցությանը։

Իրավիճակը շատ ավելի աղետալի է արտախորհրդարանական ընդդիմության դաշտում։ Այստեղ ընդհանրապես մեռելային լռություն է։ «Ժառանգություն» կուսակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընդդիմադիր հզոր կոնսոլիդացիա ստեղծելու հերթական անհաջող փորձից հետո «թայմ աուտ» է վերցրել՝ հավանաբար սպասում է ավելի լավ ժամանակների՝ հույս ունենալով, որ «աշունը կգա, բարին հետը», թեեւ դրա հավանականությունը, մեղմ ասած, բարձր չէ։

ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունից ոչ մի կերպ ուշքի չի գալիս՝ այն աստիճան խոր «նոկաուտի» մեջ է, որ անգամ Ղարաբաղի հարցից օր առաջ գլուխն ազատելու «պլատֆորմն» է մատնել բախտի քմահաճույքին։
Զարմանալ միայն կարելի է, թե իրեն հարգող քաղաքական ուժն ինչպե՞ս կարող էր նման հանդուգն հայտ ներկայացնելուց հետո «մի գիշերում» հօդս ցնդել ու փոշիանալ, կարծես ո՛չ եղել է հայրենի քաղաքական երկնակամարում, ո՛չ էլ երբեւէ հավակնել եզակի եւ անկրկնելի տիտղոսային ընդդիմության պատվավոր առաքելությանը։ Այստեղ են ասել, թե ճտերն աշնանը, այս դեպքում՝ խորհրդարանական ընտրություններից հետո են հաշվում։
Նույն վիճակում է ՕՐՕ դաշինքը։ Վերջինս «վթարային» մեկնարկից հետո չի էլ փորձում հիշեցնել իր մասին, եւ սա ինչ-որ տեղ բնական է՝ այն ձեւավորվեց ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ, նախապես հայտարարված ձեւաչափի «տրանսֆորմացիայի» արդյունքում, եւ այդպես էլ չամրագրվեց հանրային գիտակցության մեջ որպես գաղափարական հենքի վրա ստեղծված կենսունակ քաղաքական միավոր։

Եվ եթե դաշինքի «առաջին» ջութակը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երբեմն-երբեմն խախտում է լռությունը ֆեյսբուքյան իր գրառումներով եւ տոնական ուղերձներով, ապա նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու իր ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը, ընդդիմադիր դիրքերից հանդես գալու համեմատաբար մեծ փորձառություն ունենալով հանդերձ, այդ էլ չեն անում՝ թերեւս համակերպվել են այն մտքի հետ, որ իրենց երգը, ինչպես ասում են, երգված է։
Ոչ պակաս անհասկանալի է «Ազատ դեմոկրատների» կաթվածահար վիճակը, հատկապես նկատի ունենալով, որ ազատական դաշտում դիրքավորված, իրենց արեւմտամետ համարող ուժերի խճանկարը Հայաստանում առանց այն էլ հարուստ չէ։

Հասկացանք, որ հիասթափված են ընտրությունների արդյունքներից, բայց մի՞թե դա պատճառ է՝ ամբողջությամբ օտարվելու քաղաքական գործընթացներից, բոլորովին անհաղորդ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին, այդ թվում՝ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող վտանգավոր զարգացումներին։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31