Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ում առաջին անգամ կիրականացվի հեռավար կրթություն

Հուլիս 27,2017 12:10

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրավունք են ստացել առաջին անգամ ՀՀ-ում իրականացնել մագիստրոսական կրթական ծրագիր` հեռավար ձևաչափով: Ուսուցումը սկսվելու է 2017-ի սեպտեմբերից: Տևողությունը 2.5 տարի: Ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը: Իսկ դասընթացները կսկսեն սեպտեմբերի 25-ից:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը տեղեկացրեց, որ ուսուցումն իրականացվելու է հայերենով, և արդեն ունեն մեկ սիրիահայ դիմորդ ԱՄՆ-ից. «Նա գործարար է, սովորելու է գործարար վարչարարություն և հետաքրքրված է այդ կրթությամբ` գիտակցելով դրա անհրաժեշտությունը»:

Տիկին Խեչոյանը կարևորեց այն, որ արդեն գոյություն ունի հեռավար ուսուցման կարգավորման իրավական փաստաթուղթ: Այնուհետև հավելեց, որ ընդունելության քննությունները կիրականացվեն հարցազրույցի միջոցով, իսկ ընդունված դիմորդները կհրավիրվեն մեկ կամ երկշաբաթյա դասընթացների. նրանց կուսուցանեն մուդլ հարթակներից օգտվելու եղանակները:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը պարզաբանեց, որ ծրագիրն ուղղված է բարձրագույն կրթության մատչելիության հասանելիության բարձրացմանը. «Սա նախատեսված է հասուն մարդկանց համար, որոնք ժամանակի առումով չեն հասցնում բարձրագույն և մագիստրոսական կրթություն ստանալ: Ցանկալի է, որ դիմորդն ունենա կրթական փորձ և կենսագրություն»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանն էլ տեղեկացրեց, որ իրավական առումով հեռավար կրթության ավարտական վկայականը` դիպլոմը, դա նույնն է, ինչ բուհի դիպլոմը. «Հեռավար կրթությունն իրականացվելու է օնլայն և օֆլայն տարբերակով: Օնլայնն այն է, որ անմիջական ռեալ ժամանակի մեջ է սովորողը մասնակցում դասընթացին, իսկ օֆլայնի դեպքում նա կարող է մտնել կայք ու լսել: Հեռավար ուսուցմամբ հնարավորություն է ստեղծվում ավելի լայն խավերին ստանալ կրթություն: Դիմորդներ կարող են լինել նրանք, ովքեր զբաղված են, կարող են լինել զինծառայողները, բազմազավակ մայրերը, Արևմուտքում անգամ բանտարկյալներն են սովորում: Հեռավար կրթության վարձավճարն ավելի մատչելի է»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանի վստահեցմամբ` խիստ պահանջներ են սահմանել. ամփոփիչ ատեստավորմանը, միջանկյալ քննություններին ուսանողը պետք է ֆիզիկապես ներկա գտնվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31