Լրահոս
Օրվա լրահոսը

Պրիմա պարուհին՝ իրեն «հեշտ բաց թողնելու» ու բեմից չհեռանալու մասին

Հուլիս 27,2017 13:15

Յուրի Գրիգորովիչը, որը 2009թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրեց Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, պրեմիերայի օրը անակնկալ մատուցեց Ֆրիգիայի դերապարով հանդես եկող պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանին. պարուհին հանդես եկավ անվանի խորեոգրաֆի տիկնոջ՝ Նատալյա Բեսսմերտնովայի զգեստով, որը պահվում էր Մեծ թատրոնի թանգարանում:

«Առավոտի» հետաքրքրությանը՝ հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր Գրիգորովիչը հաճա՞խ է նման անակնկալ մատուցում, խորեոգրաֆը պատասխանել էր. «Բազմաթիվ համաշխարհային քաղաքագետներ եւ դիվանագետներ խոնարհվում են Մայա Պլիսեցկայայի արվեստի առջեւ: Նա ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստ է, այլեւ իմաստուն եւ նրբաճաշակ անձնավորություն: Այդպիսին է ձեր Ժակլինը: Եվ մի բան էլ՝ նկատե՞լ եք, թե նա առաջին հայացքից ինչքան նման է Մայա Միխայլովնային… Աշխատել եմ բազմաթիվ պարուհիների հետ, բայց նման բան առաջին անգամ եմ արել»: 2016թ. հոկտեմբերին Ազգային օպերային թատրոնում կայացավ Ժակլին Սարխոշյանի հրաժեշտի երեկոն: Մինչդեռ համացանցում տեսնում ենք Լիբանանում նրա ելույթի լուսանկարները…
Պարուհին այս օրերին հայրենիքում է:

Ամուսինները՝ «Քնար» պարախմբի հետ:

Արվեստագետի հետ հանդիպման ժամանակ խնդրեցինք պարզաբանել, թե մեծանուն շատ արվեստագետների, այդ թվում՝ Իոսիֆ Կոբզոնի, Ալլա Պուգաչովայի, Պլաչիդո Դոմինգոյի եւ մյուսների օրինակով նա է՞լ պարզապես «գալոչկայի» համար հրաժեշտի երեկո կազմակերպեց, շարունակելով մնալ բեմում: Պարուհին պատասխանեց. «Ես բեմում եմ եւ չեմ պատրաստվում հրաժեշտ տալ, դուք եք ինձ ոչ ճիշտ հասկացել: Ես հրաժեշտ եմ տվել մեծ բեմին, իմ դեպքում՝ Երեւանի օպերային թատրոնին, որտեղ 26 տարի հանդես եմ եկել մեծակտավ ներկայացումներում, օրինակ՝ Խաչատրյանի «Սպարտակում», Ադանի «Ժիզելում», Բիզեի «Կարմենում» եւ այլն: Այսուհետ ինձ դարձյալ կհանդիպեք, բայց արդեն առանձին համարներով, օրինակ՝ հենց հուլիսի 27-ին հանդես կգամ Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ «Էլեգիա» մենապարով, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այդ օրը Աննա Ամասի շնորհիվ ելույթս կուղեկցվի լազերային անիմացիայով, ինչը առաջին անգամ է Երեւանում կիրառվում»:

Ֆրիգիայի դերապարում, 2009թ.

Հիշեցնելով, որ Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում է իր խորեոգրաֆիայով «Երազ» ներկայացումը, հարցրինք՝ իսկ թատրոնը «հե՞շտ» բաժանվեց իրենից: Մեր զրուցակիցը ժպտալով ընդամենն ասաց. «Շատ հանգիստ թողեցին…»: Հետո էլ մանրամասնեց, թե 2014թ.-ից ամուսնու՝ «Բարեկամություն» պետական անսամբլի առաջատար մենապարող եւ փորձավար Կարեն Մակինյանի հետ հրավերով գտնվում են Լիբանանում՝ դասավանդելով Համազգայինի պարի դպրոցում, այս տարի էլ ստանձնել են տեղի «Քնար» պարախմբի ղեկավարությունը: Պարուհին նշեց, որ իբրեւ խորեոգրաֆ իրականացրել է բեմադրություններ, այդ թվում՝ Պրոկոֆեւի «Մոխրոտը», ըստ միջնադարյան արաբական հեքիաթների՝ «Հազար ու մեկ գիշերը», Մարինա Ալեսի երաժշտությամբ «Պատրանքի թեւերով» ներկայացումը: Ինչ վերաբերում է համացանցում իր նկարներին, դրանք Լիբանանում տարբեր առիթներով իր ելույթներից են:

«Ընդհանրապես բեմադրություններ եմ իրականացնում ոչ միայն համաշխարհային դասական, այլեւ հայկական ժողովրդականից մինչեւ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Միրզոյանի, Երվանդ Երզնկյանի եւ այլ հեղինակների երաժշտությամբ»,- հավելեց արվեստագետը: Նշեց, որ ցանկություն ունի Երեւանում բեմադրել մանկական ներկայացում: Իսկ մշտական վերադարձի մասին մտածո՞ւմ է: «Արդեն ազատ արվեստագետ եմ, բայց եթե լինի հրավեր իբրեւ բեմադրիչ, կոնսուլտանտ, փորձավար՝ ինչո՞ւ ոչ»,- պատասխանեց Ժակլին Սարխոշյանը:

Ամուսինները՝ Համազգայինի պարի դպրոցի սաների հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Ժակլին Սարխոշյանը՝
լիբանանյան ելույթի պահին

«Առավոտ»

27.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31