Հարցազրույց ԵՊՀ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
-Տիկին Մելքոնյան, վերջերս անդրադարձել եք մեդիա ոլորտին ու նշել, թե այդ դաշտում շատ են օգտագործվում մանիպուլյատիվ հնարքներ: Հետաքրքիր է, թե ի՞նչ հնարքներ եք բացահայտել:
-Օրինակ, տեխնոլոգիաներից մեկը, որը կիրառվում է մեդիայում, հեղինակությունների մասին վկայակոչումն է: Այն կոչվում է հղում հեղինակությանը: Մամուլում որպես հեղինակություն կարող ենք կարդալ հետազոտական ընկերությունների, հայտնի մարդկանց կարծիքները, բանաստեղծների խոսքը:
Այսպես. երբեմն սոցիալական բնույթ ունեցող տեքստերում որպես եզրահանգում կկարդաք հետեւյալը՝ «Ինչպես մեծ գրողն է ասել՝ ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Հայաստանյան մեդիայում շատ հաճախ որպես հեղինակություն ընկալվում է ժողովուրդը, օրինակ, գրում են՝ «ժողովրդի լեզվով ասած», կամ «ինչպես գիտենք՝ ժողովուրդը երբեք չի սխալվում»:
Շատ հաճախ սեփական հոդվածում լրագրողը գրում է՝ փորձագետի խոսքով, գիտնականի կարծիքով, այսինքն՝ հղում է տալիս այս կամ այն մասնագետի, որն իրականում ամենեւին էլ հղում չէ, այլ ընդամենը խոսքն ազդեցիկ դարձնելու միջոց է: Բայց դա ընթերցողի վրա լուրջ ազդեցություն է գործում, ասում են՝ դե, խելոք մարդիկ այդպիսի կարծիք ունեն:
Մեդիայում հաճախ կիրառվող տեխնոլոգիաներից է նաեւ հեգնանքը, ծաղրը, ցեխ շպրտելը, որոնք կիրառվում են բացասական կարծիք ձեւավորելու նպատակով:
-Իսկ քաղաքական լրատվության մեջ ի՞նչ մանիպուլյացիաներ են օգտագործվում. քաղաքական այս կամ այն ուժի հանդեպ համակրանք կամ հակակրանք ներշնչելու համար ի՞նչ «գործիքներ» են, ըստ ձեզ, բանեցնում լրատվամիջոցները:
-Որպես կանոն, մանիպուլյացիոն հնարքները կիրառվում են ընտրությունների ժամանակ: 2017թ. ԱԺ ընտրությունները եւս դրանից զերծ չմնացին: Հնարքներից մեկը անհատի մեջ երախտագիտության զգացում ներշնչելն է կամ երախտագետ լինելու մասին հիշեցնելը: Եվ դա անում են լրատվամիջոցները, լսարանին ներշնչում են շնորհակալ լինելու զգացում որեւէ քաղաքական ուժի կամ գործչի հանդեպ: Այսինքն՝ նա ժամանակին ձեզ լավություն է արել, հիմա եկել է փոխհատուցման պահը:
2017թ. ընտրությունների քարոզարշավի ընթացքում նման հնարքների հաճախ էին դիմում ինչպես առանձին ընտրատարածքներից նախկինում ընտրված պատգամավորները՝ հիշեցնելով իրենց արածն ընտրողների համար, այնպես էլ խոշոր կուսակցությունների եւ դաշինքների առաջնորդները: Այստեղ կարելի է առանձնացնել «Ծառուկյան» դաշինքի նախագահի գործունեությունը եւ նրան երախտագիտություն հայտնող ընտրողներին հաճախ ընդգրկելը քաղաքական գովազդային հոլովակներում։
Մյուսը այս կամ այն ուժին, քաղաքական գործչին որպես հալածյալ կամ զոհ ներկայացնելն է, որպեսզի նման կերպար ձեւավորելով՝ նրան արժանացնեն ընթերցողի համակրանքին, դրական վերաբերմունքին: Այսպես, օրինակ, լրատվամիջոցները կարող են կեղծ հետապնդումների, զանգվածների կողմից չհասկացված, թշվառ լինելու կամ քննադատության պատրանք ձեւավորելու միջոցով գրավել լսարանի ուշադրությունն ու հետաքրքրությունն այդ անձանց կամ ուժերի հանդեպ:
Այս հնարքի տարբեր մոդիֆիկացիաների դիմեցին «Ծառուկյան», ՕՐՕ եւ «Ելք» դաշինքները նախընտրական փուլում։ Քաղաքական լրագրության մեջ մանիպուլյացիների ձեւերը բազմազան են, ու ամեն ընտրությունից հետո ես բացահայտում եմ նոր ձեւեր ու մեթոդներ:
-Մանիպուլյացիոն հնարքների օգտագործման առումով տպագիր մամուլը, հեռուստատեսությո՞ւնն են ավելի ազդեցիկ, թե՞ առյուծի բաժինն ընկնում է կայքերին:
-Տարբեր լրատվամիջոցներում տարբեր են ազդեցության մեխանիզմները: Ի տարբերություն տպագիր մամուլի՝ հեռուստատեսությունը նաեւ ցույց է տալիս ու ստեղծում սեփական աչքով տեսնելու պատրանք: Համացանցային մեդիայի ստեղծմամբ նվազել է թե՛ տպագիր մամուլի, թե՛ հեռուստատեսության լսարանը, այնուհանդերձ 80 տոկոսի համար հեռուստատեսությունը հիմնական տեղեկատվության աղբյուրն է։
Իսկ ամենից շատ մանիպուլյացիաներ կիրառվում են օնլայն մեդիաներում՝ կայքերում, որովհետեւ այդտեղ չկան այն բոլոր պահանջները կամ նորմերը, որոնք սահմանափակում են նման երեւույթները:
Երբ կայքը հրապարակում է ինչ-որ մեկի ֆեյսբուքյան ստատուսը, դրանով տեղեկատվական աղբյուր է դարձնում ինչ-որ մի օգտատիրոջ՝ նրա վրա բարդելով տարածվող տեղեկատվության պատասխանատվությունը: Կայքը տարածում է մեկի կարծիքը, որը գրվել է շատ նեղ լսարանի համար, բայց շնորհիվ կայքերի՝ այն մի քանի անգամ ավելի է շրջանառվում, այդքան անգամ էլ աճում է դրա ազդեցությունը:
Ֆեյսբուքյան տիրույթում առհասարակ չկա էթիկա, ոչ մի կարգավորում կամ պահանջ՝ նյութ գրելու, լուր հաղորդելու: ՖԲ օգտատերը կարող է նաեւ բացահայտ սուտ տեղեկատվություն հաղորդել: Բայց երբ դա վերցնում են կայքերն ու տարածում, դրանով փաստորեն լեգիտիմացնում են սուտը:
Սրա արդյունքում է, որ ստեղծվել է ինֆոլոգեմ հասկացողությունը, երբ լուրը կարող է լինել լրիվ սուտ, մինչդեռ բավականաչափ կենսունակ: Հայտնի ասացվածք կա՝ երեք անգամ ասված սուտը ճշմարտության տեղ է ընդունվում:
Արմինե Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում