Համացանցում բռնկված «մամուլի քարտուղարներ-լրագրողներ» բանավեճը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Մեծ հարգանք ունեմ երկու կողմերի նկատմամբ եւ կարծում եմ՝ երկուսն էլ ունեն իրենց փաստարկները: Այնուամենայնիվ, «շատ հին ժամանակների» մամուլի քարտուղար լինելով, ինձ թույլ կտամ մի փոքր հուշել գործընկերներիս. «դու հոդվածներ ես գրում իմ, իմ շեֆի կամ իմ գերատեսչության դեմ, եւ այդ պատճառով ես քո նկատմամբ պատժամիջոցներ եմ կիրառում» մոտեցումն, ինձ թվում է, սխալ է: Պետական ծառայողը պետք է դուրս մնա նման էմոցիաներից եւ իր ծառայությունները մատուցի բոլոր շահառուներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ այդ շահառուների՝ տվյալ գերատեսչության ու նրա ղեկավարի հանդեպ վերաբերմունքից:
Ի՞նչ իրավունք ունեմ ես այդ ամենն ասելու: Մի՞թե ես իմ պետական ծառայության ժամանակ եւ դրանից հետո թույլ չեմ տվել սխալներ: Իհարկե, բազմիցս սխալվել եմ եւ գուցե ավելի լուրջ, քան իմ երիտասարդ գործընկերները: Ասել, որ ես երբեք չեմ բռնկվում եւ միշտ ադեկվատ եմ արձագանքում իմ հասցեին հնչած խայթոցներին կամ, առավել եւս, հայհոյանքներին՝ ցավոք սրտի, չեմ կարող: Ոչ մեկս կատարյալ չի: Չնայած վերջերս ձեւը գտել եմ: Քանի որ այդ անձնական հարձակումները հիմնականում Ֆեյսբուքով են, դրանից խուսափելու տեխնիկական հնարավորությունը կա: Ենթադրենք, մեկն իր գրառման տակ իմ անունն է նշում (tag է անում), որպեսզի ես կարդամ նաեւ տակը գրած «քլնգող» մեկնաբանությունները: Շատ հեշտ է այդ գրառումից քեզ untag անելը` սեղմելով remove tag-ը, իսկ բոլոր մնացած դեպքերում սեղմել turn off notifications, եւ վերջ` քեզ փնովելու միջոցով ինքնահաստատվողները թող որքան ուզում են եւ ինչ ուզում են գրեն: («Չեք ուզում, հա՞, ձեզ քննադատող մեկնաբանությունները կարդալ» կանխատեսելի ռեակցիային պատասխանեմ` տեքստեր կարդալու բավականաչափ փորձ ունեմ «քննադատող մեկնաբանությունները» անձնական վիրավորանքներից տարբերելու համար): Բայց կրկնեմ՝ այս հոգեվիճակին հասնելու համար տարիներ են պետք, եւ հիմա նորից կրկնեմ՝ եթե որեւէ խայթոցին սուր եմ արձագանքել, ապա ներողություն եմ խնդրում ու, իհարկե, ամբողջ սրտով ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վիրավորել են:
Սակայն իմ պարագան փոքր-ինչ ուրիշ է. ես արդեն 23 տարի է` պետական ծառայող չեմ՝ ինչպես եմ արձագանքում, կարդում եմ, թե չեմ կարդում՝ դա, ի վերջո, իմ անձնական գործն է: Ուրիշ հարց, եթե ես ներկայացնեի պետական գերատեսչություն, որը գոյություն ունի հարկատուների հաշվին, եւ որին մենք՝ հարկատուներս, հանձնարարել ենք կատարել այս կամ այն գործառույթները: Ոչ այդ գերատեսչությունն է Աստծո տաճար, ոչ դրանց ղեկավարներն են օժտված ինչ-որ աստվածային շնորհներով, ոչ էլ այդ ղեկավարների խոսնակներն են վերջին ճշմարտությունների մունետիկները: Պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցները մեր համաքաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես կատարում են մեր՝ հարկատուների կողմից սահմանված պարտականությունները:
Նեղվել, պատժամիջոցներ կիրառել, առավել եւս՝ վրեժ լուծել… Այդ ամենը պետական պաշտոնյայի պարտականությունների մեջ չի մտնում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ