Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախն ու «հարավկովկասյան վագրի» ցատկը. (Ֆոտոշարք)

Հուլիս 27,2017 12:00

«Կարեւորը` ունենք ՀՆԱ-ի դինամիկ աճ եւ տարեցտարի բյուջեի ավելացում»,- ասում է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Թալիշում շինարարական ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում

«Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացման ցուցանիշները դիտարկելիս Ղարաբաղը կարելի է «Հարավկովկասյան վագր» անվանել». դեռ 2014թ. հուլիսին նման գնահատական էր հնչեցրել «РБК. Взгляд»-ի եթերում Ժաննա Նեմցովան` 2015թ. փետրվարին Մոսկվայի կենտրոնում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը: Ժաննա Նեմցովայի այս հայտարարությունն ու «РБК. Взгляд»-ի եթերում Արցախի մասին հրապարակված ռեպորտաժն Ադրբեջանում հիստերիա էին առաջացրել. մի քանի օր ադրբեջանական կայքերը հետեւողականորեն «անդրադառնում» էին Ժաննա Նեմցովային:

Վերջին տարիներին Արցախի զարգացման մասին շարունակաբար տեղեկություններ ստանալը բոլորովին այլ բան է՝ ի համեմատություն այն ամենի, ինչ ինքդ ես տեսնում ու համոզվում, մանավանդ, եթե առաջին անգամ ես այցելում Արցախ:

Արցախ մուտք գործելիս առաջին հաճելի փաստը, իհարկե, բարեկարգ ճանապարհներն են, որոնք արդեն իսկ լուրջ չափորոշիչ են փոքրիկ Արցախի, բայց մեծ քայլերով զարգացող Արցախի մասին պատկերացում կազմելու համար: Ասֆալտապատված հրաշալի ճանապարհներով անցնելուց ու Արցախում կատարված ու իրականացվող աշխատանքները ներկայացնելուց առաջ, սակայն, անդրադառնանք Թալիշին:

2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում լուրջ վնասներ կրած Թալիշ գյուղում ականատես դարձանք, թե ինչպես են շինարարական ինտենսիվ աշխատանքներ իրականացվում: Թալիշում կառուցվում են դպրոցի, մանկապարտեզի, համայնքապետարանի, հանդիսությունների սրահի շենքերը: Արդեն իսկ կառուցվել է ջրամատակարարման նոր ցանցը: Տեղեկացանք, որ Թալիշում 10 ընտանիք է բնակվում: Թալիշում շարժ կար, գյուղ մուտք գործելիս մի քանի տղամարդկանց հետ անգամ մանկահասակ տղա երեխայի նկատեցինք:

Տասը տարի առաջ Արցախի բյուջեն կազմում էր 32 միլիարդ դրամ, այս տարի` 96 միլիարդ դրամ

Տասը տարի առաջ Արցախի բյուջեն կազմում էր 32 միլիարդ դրամ, մինչդեռ այս տարի` 96 միլիարդ դրամ: Ընդհանուր տնտեսական աճը Արցախում 10 տարում կազմել է շուրջ 10 տոկոս: Անցած տարիների ընթացքում հաջողվել է ապահովել կայուն տնտեսական աճ, որի միջին տարեկան ցուցանիշը կազմում է 9,8 տոկոս: 2016-ին համախառն ներքին արդյունքը կազմել է 229 միլիարդ 700 միլիոն դրամ:

Սրանք, սակայն, միայն ցուցանիշներ չեն: Իրականում Արցախում ամեն քայլափոխի ակնառու է զարգացման շունչը: Եղանք Արցախի ձկնաբուծարաններից մեկում: Սեւ խավիարի գաղափարը ծնվել է մոտ երեք տարի առաջ, որին ներդրումային մասնակցություն են ունենում սփյուռքահայերը: Պրոյեկտի նախաձեռնությունը եղել է Լեռնային Ղարաբաղի կողմից: Նպատակը խոշոր ձկնաբուծական տնտեսության ստեղծումն է, ձկնամսի եւ սեւ խավիարի արտադրությունը:

Արայիկ Հարությունյանը, որը 2007թ.-ից Արցախի վարչապետն է, մեզ հետ զրույցի ընթացքում վստահեցրեց. «Ունենալու ենք տարեկան ավելի քան 10 տոննա սեւ խավիարի եւ ավելի քան հազար տոննա ձկնամսի արտադրություն: Պրոյեկտով նախատեսված ցուցանիշներին նախատեսում ենք հասնել 2022-ին: Համագործակցում ենք միջազգային բրենդային, սեւ խավիար արտադրող կազմակերպությունների հետ, որոնք խորհրդատվական եւ հետագայում իրացման հարցում իրենց մասնակցությունն են ունենալու: Պրոյեկտի ներդրման ծավալն ընդհանուր առմամբ կազմելու է 20 միլիոն դոլար եւ ավելի: Քաշաթաղի շրջանում կառուցվում է ջրամբար` օտարերկրյա մասնավոր ներդրումների շնորհիվ, այն մեկ տարուց նախատեսում ենք ավարտել: Այն ունենալու է երեք նպատակ. այդտեղ եւս ձկնաբուծարանի կառուցման նախագծեր են մշակվել, ինչպես նաեւ հիդրոէլեկտրակայանների կառուցման, ոռոգման համակարգերի ստեղծման եւ զբոսաշրջության զարգացման ծրագրեր են նախագծվում»:

Արցախի վարչապետի փոխանցմամբ` Ղարաբաղում համախառն ներքին արդյունքի աճ է գրանցվել, որն իր ազդեցությունն է թողնում` նպաստելով նաեւ մասնավոր ներդրումների, բնակարանաշինության, ենթակառուցվածքների, տնտեսության աճին, աշխատատեղերի ստեղծմանը. «Կարեւորը` ունենք ՀՆԱ-ի դինամիկ աճ եւ տարեցտարի բյուջեի ավելացում»,- նշում է Արայիկ Հարությունյանը: Արցախի կառավարությունը նախատեսում է ապահովել 8-10 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ:

 

Արցախյան պահածոներն արդեն վաճառվում են ամերիկյան շուկայում

Զարգացման խոշոր նախագծերից բացի՝ Արցախում նաեւ միջին ձեռնարկատիրությունն է զարգանում: Արցախի վարչապետն առանձնացնում է հիմնականում գյուղատնտեսությունը, վերամշակման ու ծառայությունների ոլորտը. «Արցախյան պահածոներն արդեն վաճառվում են ամերիկյան շուկայում, հիմնականում խմիչքները եւ վերամշակված գյուղմթերքը պահածոների տեսքով Ճապոնիայում, Չինաստանում, եվրոպական եւ ռուսական, նախկին խորհրդային հանրապետությունների շուկաներում են»:

Արցախում արդեն տասից ավելի վերամշակող գործարաններ են գործում, որոնց միջոցով «կամաց-կամաց հասել ենք այս արդյունքներին»՝ ասում է վարչապետը: Մարտակերտում, օրինակ, այժմ չրերի ժամանակակից գործարան է կառուցվում: Ըստ վարչապետի` չրերի էկոլոգիական արտադրությունը բավական մեծ շուկա է, որը հեղեղված է հիմնականում թուրքական ապրանքներով. «Բայց այստեղ մենք կարող ենք լինել մրցունակ: Ղարաբաղ թթի չիր մինչ այժմ ներմուծվում էր, բայց հիմա խնդիր ենք դրել թթի չրի արտադրությանը հասնել, եւ համոզված ենք, որ այն ավելի մեծ համբավ է ունենալու, քան արցախյան թթի օղին»: Նշենք նաեւ, որ Արցախը պարենային արտադրության առումով ամենաանվտանգ երկրներից մեկն է համարվում:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այսօր Արցախում ձեթի արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը, ավելին` արտահանվում է Հայաստան: Այս տարի մոտ 165 հազար տոննա հացահատիկ է նախատեսվում ստանալ: Պատկերացնելու համար Արցախի զարգացման տեմպերը, կարելի է համեմատել, օրինակ՝ տասը տարի առաջ Արցախում 50 հազար տոննա ցորեն է արտադրվել, սակայն հիմա միայն Քաշաթաղի շրջանում 55 հազար տոննա ցորեն է արտադրվում, այսինքն` 10 տարվա ընթացքում տարեկան 50-55 հազար տոննա արտադրանքի ցուցանիշները հասել են 150 հազար տոննայից ավելի: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2016-ին կազմել է շուրջ 68,5 միլիարդ դրամ՝ 2007թ. 23,8 միլիարդ դրամի դիմաց՝ աճելով մոտ 2,9 անգամ:

Էներգետիկ առումով Արցախը դարձել է ինքնաբավ, նաեւ էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրեր կան: Դրական տեղաշարժ է արձանագրվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Թվով 15 նոր հիդրոէլեկտրակայանների գործարկումը հնարավորություն է ընձեռել էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը գրեթե հասցնել ինքնաբավ մակարդակի:

Զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճում է

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա փաստերը առավել քան խոսուն են: Նախ՝ ինքներս երեկոյան Ստեփանակերտում զբոսնելիս եւ Ղարաբաղի տարբեր շրջաններ այցելելիս օտարերկրացի զբոսաշրջիկների հանդիպեցինք: Տեղեկացանք, որ զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճում է, օրինակ` 2015-ի համեմատ 26 տոկոս աճ է արձանագրվել` այս տարվա 6 ամիսների տվյալները վերլուծելով, իսկ 2016-ի համեմատ` 46 տոկոսի աճ: 2007-ից ի վեր Արցախում արձանագրվել է օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թվի աճ՝ տարեկան միջինը կազմելով 12,9 տոկոս: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գրանցվել է 2015-ին, երբ Արցախ է այցելել մոտ 16 հազար 600 զբոսաշրջիկ աշխարհի 78 երկրից: 2016-ին Արցախ են այցելել շուրջ 14 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ, ապրիլյան պատերազմի գործոնը հաշվի առնելով` սա եւս տպավորիչ թիվ է: Արցախում ապագայում հանգստյան գոտիների ստեղծման մասին են լրջորեն մտորում:

Ստեփանակերտի ֆուտբոլի մարզադաշտը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքը Շուշիում

Շուշի

Վերակառուցված Ստեփանակերտից ու վերակառուցվող Շուշիից բացի` Արցախի ողջ տարածքում կառուցվել են սոցիալ-տնտեսական եւ կենսամշակութային նշանակության բազմաթիվ օբյեկտներ: Ամենախոշոր եւ կարեւոր ծրագրերից է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունը: Այն ունի ռազմավարական նշանակություն, կառուցման արժեքը կազմում է 34 միլիոն ԱՄՆ դոլար, եւ նախատեսվում է ծրագիրն ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի 1-ին: Արցախից Երեւան վերադառնալիս ճանապարհին նկատեցինք, որ մայրուղու շինարարության մի փոքր հատված է մնացել ավարտին հասցնելու:

Արցախում հատուկ ուշադրության կենտրոնում են զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ սոցիալապես անապահով ընտանիքները: Բնակարանային շինարարության պետական ծրագրերի շրջանակում այդ խմբերին պատկանող 1348 ընտանիք ապահովվել է բնակարաններով՝ ներառյալ 508 զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաեւ վերանորոգվել է 479 բնակարան, այդ թվում 205-ը՝ զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքների համար:

Արցախում կառուցվել եւ շահագործման են հանձնվել Հանրապետական բժշկական կենտրոնի, Ուռուցքաբանական դիսպանսերի, Մարտակերտի, Մարտունու շրջանային բուժմիավորումների շենքերը, ընթացքի մեջ են Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի եւ Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենքերի շինարարական աշխատանքները:

Այսպիսին է փոքրիկ Արցախը` խելացի, կիրթ, հայրենասեր մարդկանցով լի մեր հայրենիքի փոքր հատվածը: Տպավորված Արցախով ու արցախցիներով, դրական լիցքեր ստացած` Երեւան վերադարձի ամբողջ ճանապարհին միայն մեկ միտք չէր հանգիստ տալիս` ո՞վ կարող է իրեն իրավունք վերապահել Արցախում ապրող ու արարող արցախցիների ճակատագրերի հետ խաղալ ու նրանց ապագան որոշել: Արցախցին երկու տասնամյակից ավելի իր ապագան է կերտում:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 26.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31