Սփյուռքահայ գործարարը պնդում է, որ բիզնեսը տուժում է,
ԲԷՑ-ը վստահեցնում, որ բոլոր ընթացակարգերը պահպանել է
Տնտեսական ոլորտի մասնագետները պնդում են, որ մեր տնտեսությունն այն վիճակում է, որ ցանկացած չափի ներդրում անողի վրա կառավարությունը պետք է դողա: Օհաննես Ստեփանյանը սփյուռքահայ ներդրող է. գործարարը միլիոններ է ներդրել, Վայոց ձորի Շատին համայնքում անասնաֆերմա է հիմնել: Էկոլոգիապես մաքուր արտադրանք է տալիս, նաեւ վերականգնել է ավանդական անասնապահությունը, անասունների հայկական ցեղատեսակները: Ծրագրերի բաղադրիչներից մեկն էլ զբոսաշրջության խթանումն է, գյուղացիներին էլ, աշխատատեղեր ստեղծելով, հայրենի հողում պահելը: Սակայն այնպես է ստացվել, որ սփյուռքահայ գործարարի շահերը բախվել են պետական գերակա շահի հետ, եւ գործարարի պնդմամբ՝ իրադարձությունները զարգանում են ի վնաս իր բիզնեսի: Իսկ կառավարությունն էլ «մատը մատին չի տալիս, որպեսզի գործարարի շահը պաշտպանի»:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը, որը նաեւ ընկերության անասնաբույժն է, Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր (ԲԷՑ) ընկերությունը սփյուռքահայ գործարար Օհաննես Ստեփանյանի անասնագոմին կից աշխատանքներ է իրականացնում` բարձրավոլտ լարման էլեկտրասյուներ է տեղադրում, ինչի հետեւանքով բլուրի վրա առաջացել են ճաքեր, քարաթափումներ են լինում` վտանգելով անասնագոմն ու տարածքում աշխատող ու ապրող մարդկանց: Բանն այն է, որ ԲԷՑ-ի տարածքում աշխատանքներ կատարելու համար կրկին Օհաննես Ստեփանյանի հողատարածքով են ճանապարհ բացել, որը վարձակալական հիմունքներով կրկին գործարարին պատկանող տարածք է:
Ասում են` ԲԷՑ-ի պատվերը կատարող հնդկական ընկերությունը տարածքը քարուքանդ է արել, ինչի հետեւանքով մեծ-մեծ քարեր ու ժայռաբեկորներ են առաջացել, եւ անասունները չեն կարողանում արոտավայրեր բարձրանալ:
«Ամբողջ լանջն ավիրեցին, մեր անասունը, գոմից դուրս գալով, չի կարողանում արոտավայր գնալ՝ չհաշված, որ անասնագոմին կից ապրում են մարդիկ, որոնց կյանքին վտանգ է սպառնում սողանքի ու քարաթափումների պատճառով»,- ասում է Տիգրան Եղոյանը:
Գործարարի եւ նրա շահերը ներկայացնող Տիգրան Եղոյանի խոսքով՝ հանուն գերակա շահի իրենց պատկանող «Գեղաստղ» ընկերության տարածքից 241 քառակուսի մետր օտարվել է ԲԷՑ-ին` բարձր լարման էլեկտրասյունը տեղադրելու նպատակով, ինչի դիմաց որեւէ փոխհատուցում չի եղել, ընդհակառակը՝ դեռ մի բան էլ ԲԷՑ-ը նախատեսվածից ավելի տարածք է օգտագործել եւ հենասյունը իրեն պատկանող տարածքից էլ դուրս է դրել:
«Կառավարությունը հայտարարում է, որ գյուղատնտեսությունը նույնպես գերակա շահ է, բայց արի ու տես, որ իր համար ոչ մի ներդրում էլ արժեք չունի»,- ասում է Տիգրան Եղոյանը` վստահեցնելով, որ իրենց խնդրի առնչությամբ նամակներ են գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, Հանրային խորհրդի նախագահին, ահազանգել բնապահպանության նախարարին եւ այլ կառույցների «թեժ գծերին», սակայն որեւէ արձագանք չեն ստացել: Ըստ նրա՝ եթե այսպիսի անտարբեր վերաբերմունքը շարունակվի, ստիպված կլինեն գործունեությունը դադարեցնել, քանի որ իրենց ներդրումային ծրագրերը, որոնք, ի դեպ, հենց կառավարությունն է հաստատել, հնարավոր չի լինի իրականացնել:
«Պետական ծրագիր չի նշանակում, որ պետական շահը պիտի տրորի մասնավորին»,- մեզ հետ զրույցում ասում է Տիգրան Եղոյանը: Ըստ նրա՝ տեղադրված հենասյունից 25 մետր աջ ու ձախ վտանգավոր է որեւէ գործունեություն ծավալելը՝ հատկապես, որ ծրագրել են նաեւ կենդանաբանական այգի հիմնել. «Պոլիտեխնիկ ինստիտուտի մասնագետների հետ խոսել ենք, իրենք պնդում են, որ կենդանաբանական այգին անհնար է բարձրավոլտի տակ կառուցել: Սրա համար ո՞վ պետք է փոխհատուցի, արդյոք կարո՞ղ ենք այս բազմապրոֆիլ ծրագիրը մեկ հեկտարի վրա իրականացնել: 10 հեկտար հողակտոր ունեինք, մեծ մասն արդեն կորցրել ենք: Ճանապարհի տարածքում կանաչ գոտի էր, ծառեր կային, թփեր, որը նույնպես ոչնչացվել է»:
Գործարարը նաեւ ծրագրում է կաթի, բրդի վերամշակման կենտրոն հիմնել, պահածոների պատրաստմամբ զբաղվել, ներքեւի հատվածում էլ մշակույթի գործիչների համար վերնատուն կառուցել:
Գործարարի խոսքով՝ իրենց ծրագրերից մեկն էլ Եղեգիսի կիրճից եկող Շատին գետի ափին ջրաղաց կառուցելն է, բայց միայն այդ գետի երկայնությամբ 900 փոքր ՀԷԿ է աշխատում, ինչի հետեւանքով գետը առվակ է դարձել: Ըստ նրանց՝ որքան էլ խնդիրը բարձրացնում են, միեւնույն է՝ լուծում չի ստանում, քանի որ իրենց հասած տեղեկություններով՝ այդ ՀԷԿ-երի մեծ մասի սեփականատերերը պետական պաշտոնյաներ են:
Տիգրան Եղոյանը պատմում է, որ մեղվաբուծությունը ստիպված են իրենց սեփական տարածքից մոտ 30 կիլոմետր բարձրացնել Եղեգիսի կիրճը, որպեսզի գոնե մեղուներին վտանգ չսպառնա:
Գործարար Օհաննես Ստեփանյանը մտադիր է սփյուռքահայ իր գործընկերներին կոչ անել, որպեսզի Հայաստանում ներդրում չանեն, քանի որ, ըստ Տիգրան Եղոյանի, մեզ մոտ գործարարի շահերը պաշտպանված չեն, եւ «գումարները շորթելու համար են սփյուռքահայերին կանչում»:
«Ուզում ենք դադարեցնել մեր գործունեությունը, ուղղակի ափսոսում ենք, որ շուրջ երեսուն ընտանիքներ անգործ կմնան, ընտանիք կա, որ մեկ ամսական երեխայի հետ բնակարան չունի, եւ մենք կացարան ենք տվել, մեզ մոտ աշխատանքի են անցել: Ստիպված դիմել ենք Գեղարքունիքի մարզպետին, Գեղահովիտի գյուղապետին, որոնք ժամանակավոր տարածք են տվել, որ տնակները ժամանակավորապես տեղադրենք, հիմա այդ ընտանիքները մնում են 2600 մետր բարձրության վրա: Եղանակները մի քիչ ցրտեն, այլեւս հնարավոր չի լինելու այնտեղ ապրել»:
Տիգրան Եղոյանը պատմում է, որ Շատինի Վարդահովիտի տարածքում ՀԷԿ-ի կառուցման համար երբ տրակտորները սկսել են քանդել, Գագիկ իշխանի դամբարանի խաչքարերը վնասել են, եւ արդեն մի քանի կիսակոտրված խաչքարեր են դուրս եկել այդ տարածքից, որոնք 14-րդ դարի են:
«Մենք ունենք համապատասխան սեփականության վկայականը, որ սա մեր սեփական տարածքն է, ունենք նաեւ գործարարին փոխհատուցման պայմանագիրը, վճարման անդորրագրերը եւ ճշտել ենք, որ ԲԷՑ-ի կողմից փոխանցված գումարը նույն օրը բանկից ստացել են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲԷՑ-ի գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս են առանց գործարարին փոխհատուցելու նրա տարածքը հանուն գերակա շահի վերցրել` ինչպես որ պնդում են գործարարն ու նրա շահերը ներկայացնող Տիգրան Եղոյանը:
«Առավոտը» դիմել էր ԲԷՑ-ի տնօրենին` սփյուռքահայ գործարարի բողոքի առնչությամբ պարզաբանումներ լսելու: Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ 241 մետր քառակուսի հողատարածքի համար, որտեղ տեղադրվել է ԲԷՑ-ի հենարանը, գործարարին վճարվել է 106 հազար 703 դրամ, ինչի դեմ որեւէ առարկություն չի եղել. «Ճիշտ է, սա ձեռք է բերվել գերակա շահով, բայց ընթացակարգերը պահպանելով ենք այն ձեռք բերել, գործարարին դրա դիմաց փոխհատուցել ենք»:
Մեր հարցին՝ գործարարը պնդում է, որ բարձրավոլտ հենասյուները տեղադրելով՝ վտանգավոր գոտի է ստեղծվել իրենց ծրագրերն իրականացնելու համար, չեն կարող տարածքում մեղվաբուծություն ունենալ, կենդանաբանական այգի բացել, ինչպես որ նախատեսված էր իրենց ներդրումային ծրագրով, պարոն Բաղդասարյանն ասաց. «Տվյալ հողատարածքն իրենք վաճառել են եւ իմացել են՝ ինչի համար են վաճառում, որ այդտեղ կա միջպետական ծրագիր, եւ այդտեղով պիտի անցնեն բարձրավոլտ էլեկտրացանցերի օդային գծերը, որի ծրագիրը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կա համապատասխան նախագիծ, կա կապալառու կազմակերպություն, որը պետք է իրականացնի համապատասխան աշխատանքները»: Հարցին էլ, թե գործարարի բիզնեսն այլ տարածք տեղափոխելու հարցը քննարկվե՞լ է, ԲԷՑ-ի տնօրենն ասաց` ոչ:
Ինչ վերաբերում է ԲԷՑ-ի տարածքին հասնելու համար քանդված ճանապարհին, որը նույնպես Օհաննես Ստեփանյանի հողատարածքով է անցնում, եւ քանդված ժայռաբեկորների հետեւանքով գործարարի անասունները չեն կարողանում լանջը հաղթահարել, որպեսզի արոտավայր բարձրանան, պարոն Բաղդասարյանն ասաց, որ տարածքն արդեն մաքրվել է քարաբեկորներից, եւ որեւէ խոչընդոտ այլեւս չկա. «Մեր մասնագետները ուսումնասիրել են եւ տեսել, որ հենարանին մոտենալու այլընտրանքային ճանապարհ չունենք, այդ պատճառով այդ ճանապարհն ենք օգտագործել. այո, ի սկզբանե եղել են այդ քարակույտերը, ի վերջո՝ ճանապարհ է քանդվում, պետք է քարակույտեր լինեն, բայց կապալառու կազմակերպությունը մեր կողմից անհապաղ հանձնարարություն է ստացել դրանք մաքրելու, ինչն էլ արագ վերացրել են»: ԲԷՑ-ի տնօրենը ներկայացրեց արդեն մաքրված տարածքի լուսանկարները:
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ մոտեցման ճանապարհը «Գեղաստղ» ընկերությունը վարձակալել է պետությունից, եւ այդ վարձակալած տարածքի համար ԲԷՑ-ն ունի համապատասխան համաձայնագիրը, ըստ որի՝ համայնքի ղեկավարը գրավոր տեղեկանք է տվել, որ տվյալ տարածքն օգտագործվում է ոմն Խուդոյանի կողմից, եւ Խուդոյանն իր ստորագրությամբ համաձայնություն է տվել, որ այդ ճանապարհը ԲԷՑ-ն ունենա:
ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը պնդում է, որ ճանապարհի տարածքում որեւէ կանաչ գոտի` ծառեր, թփեր, արժեքավոր բույսեր եւ այլն չեն եղել, եւ չոր տարածք է եղել:
«Կա բնապահպանական եզրակացություն, բացի դրանից՝ մենք պատրաստ ենք հրավիրել բնապահպանների, շրջակա միջավայրի մասնագետների, թող գան տեղանքն ուսումնասիրեն, եւ եթե մենք ինչ-որ խնդիրներ ենք առաջացրել, պատրաստ ենք լուծում տալ»: Սակայն պարոն Բաղդասարյանը պնդում է, որ գործարարը իրենց պատրաստակամությանը` հանդիպելու, խնդիրները քննարկելու, որեւէ ձեւով ընդառաջ չի գնում. «Մենք փորձել ենք լսել, մեր համապատասխան մասնագետները գնացել տեղանքը նայել են, փորձել են բանակցել, որպեսզի հարցերին լուծում տրվի, բայց իրենք չեն նպաստում դրան, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք, որեւէ հարց չեն բարձրացնում, մենք պատրաստ ենք կրկին ուսումնասիրել, եթե ունեն հարցեր, թող գան ասեն` գիտեք, մեր այս հարցերին է պետք լուծում տալ, թող ներկայացնեն` մենք էլ փորձենք շատ արագ լուծում տալ, մենք ոչ ոքի հետ որեւէ խնդիր չունենք: Ես նորից եմ կրկնում՝ եթե մենք ինչ-որ բան սխալ ենք արել, պատրաստ ենք քննարկել եւ արագ լուծում տալ»:
Ինչ վերաբերում է գործարարի կողմից բարձրացված սողանքների խնդրին, ապա Ա. Բաղդասարյանն ասաց, որ ճաքալցում են արել, որ թերությունները վերացնեն. «Մենք պատրաստ ենք նստել, քննարկել եւ բոլոր խելամիտ հարցերին լուծում տալ, մնացածը՝ կա դատարան, եւ դատարանը թող որոշի՝ ով է սխալ, ով՝ ճիշտ: Այսօր բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունը լայնածավալ աշխատանք է կատարում Հայաստանի Հանրապետությունում, մեր ծրագրերը գրեթե բոլորը ռազմավարական նշանակության ծրագրեր են: Բոլորս գիտենք, որ էներգետիկ ոլորտը ցանկացած հանրապետության համար որքան կարեւոր նշանակություն ունի, այդ պատճառով այդքան լայնածավալ աշխատանքների դեպքում մենք էլ ենք ընդունում, որ ինչ-որ թերություններ կլինեն, բայց այդ թերությունները պատրաստակամ ենք շտկելու: Բացի այդ, կա բանկերի ընթացակարգ. մենք պարտավոր ենք բոլոր բնակիչների բողոքներին շատ արագ արձագանքել: Իրոք, շատ արագ արձագանքել ենք, ունենք փաստեր, թե որքան տեղերում ենք հարցերին լուծում տվել, եւ այդքան լայնածավալ աշխատանքի հետ մեկտեղ մեզնից բողոքները շատ չնչին տոկոս են կազմում»:
Գործարարի այն դժգոհությանը, թե հենասյունը տեղադրվել է նախագծային խախտումներով, այսինքն` իրենց տարածքում, պարոն Բաղդասարյանն ասաց. «Համապատասխան մասնագետները գնացին նայեցին, եւ իրենց էլ ապացուցել են ու կոորդինատները հստակ նշել են, որ դա մեր սեփական հողատարածքն է»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
26.07.2017