Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն ֆիլմերը տեղ են գտել «Սոսե» կինոփառատոնում

Հուլիս 27,2017 13:30

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնն այս տարի կինոսերներին ներկայացնում է 132 ֆիլմ՝ 39 երկրից։ «Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ էր ներկայացվել 61 երկրից: Նախընտրական փուլն անցել եւ մրցութային ծրագրերում ընդգրկվել է 132 ֆիլմ՝ 39 երկրից։ Այս տարի նախընտրական միջազգային հանձնախմբի կազմում են Իտալիայից մեր հայրենակից, ռեժիսոր Սոնա Ստեփանյանը, Շվեդիայից կինոգետ Էվա Լինդբորգը եւ Մեծ Բրիտանիայից կինոքննադատ Պատրիկ Յոհանսոնը:

«Այս տարվա հայտերը տարբերվում են անցած տարվանից, ինչը կանոնակարգի խստացման, կինոփառատոնի տարեցտարի աճող համբավի արդյունքն է։ Դրա վառ ապացույցն է այն, որ այս տարի մասնակցության հայտ են ուղարկել այնպիսի ֆիլմեր, որոնք մասնակցել են միջազգային բարձրակարգ փառատոներում, մի քանիսը նաեւ մրցանակակիրներ են, իսկ ֆիլմերում ներգրավված են այնպիսի արվեստագետներ, ովքեր ունեն բավականին հարուստ ստեղծագործական կենսագրություն։ Այնպես որ, այս տարի հետաքրքիր կինոդիտումներ են սպասվում»,-ասում է 4-րդ անգամ անցկացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Սիմոն Սահակյանը:

Մեզ հետ զրույցում ռեժիսոր Սոնա Ստեփանյանը, որ նախնական ընտրական հանձնախմբում դիտել է «Ուսանողական» մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, 114-ից առանձնացրել է 40-ը։ «Որոշ ֆիլմեր դիտելիս կասկածում էի՝ արդյո՞ք ուսանողական գործեր են, թե՝ ոչ. այդքան կայացած ու ամբողջական աշխատանքներ են, որտեղ նկատելի է հեղինակի՝ եւ՛ կինեմատոգրաֆիկ ոճը, եւ՛ պատմություն կառուցելու հմտությունը», -տպավորությունների մասին պատմում է ռեժիսորը: Նա նաեւ անդրադառնում է հայ ուսանողների ներկայացրած աշխատանքներին՝ ցավով նշելով, որ մեր ֆիլմերը մի շարք առումներով թույլ են մատուցված, առաջին հերթին պատկերի, որի հանդեպ հեղինակի կողմից մակերեսային մոտեցում է նկատում, թույլ է նաեւ մոնտաժը, որը դիտողին խանգարում է տեսածն ընկալել որպես ֆիլմ, դերասանական խաղ:

«Դիտե՛ք ընտրված ֆիլմերը եւ կհամոզվեք, որ ակնհայտ զիջումների եմ գնացել։ Մեր ֆիլմերը մրցակցությունից դուրս են մնում, բայց գոնե հաջորդ փուլն անցնելով՝ հեղինակները կտեսնեն միմյանց աշխատանքները, կհամեմատեն, կփորձեն զարգացնել մասնագիտական հմտությունները: Կարծում եմ՝ մեր երկրի համապատասխան ուսումնական հաստատություններում պետք է ընդգրկել «Պատկերի մշակույթ» առարկան: Համոզված եմ՝ մեծ ներուժ ունենք, պարզապես պետք է վերանայենք մեր մոտեցումները կինեմատոգրաֆի նկատմամբ»,-ասում է նա: Մեծ Բրիտանիայից կինոքննադատ Պատրիկ Յոհանսոնը հաճախ է մասնակցում աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կինոփառատոներին, արդեն ունի ֆավորիտ ֆիլմեր նաեւ «Սոսե-2017»-ում. «Եղել են Ֆիլմեր, որոնք դիտել եմ մի քանի անգամ: Մտապահել եմ նաեւ ռեժիսորների, որոնց հետագա ֆիլմերին շարունակելու եմ հետեւել: Արդեն ունեմ հոդվածներ երկու ֆիլմի մասին, որոնք անշուշտ կհրապարակեմ կինոփառատոնի ավարտից հետո»։ Շվեդիայից կինոգետ Էվա Լինդբորգն էլ հերթով դիտել եւ ընտրություն է կատարել «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրում ներկայացված հայտերի միջեւ: «Կանանց թեման ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ ինքս շատ ակտիվ զբաղվում եմ կանանց իրավունքների պաշտպանությամբ, հատկապես պայքարում եմ թրաֆիքինգի դեմ։ Ֆիլմերում արծարծվում է նաեւ թրաֆիքինգի թեման,-ասում է Էվա Լինդբորգը եւ հավելում,- որոշ գործեր պարզապես հիացրեցին իրենց գեղարվեստական լուծումներով: «Սոսե» միջազգային կինոփառատոնը շատ սիրեցի, քանի որ մոտեցումը շատ պրոֆեսիոնալ է եւ կարող է դառնալ լավագույն կինոփառատոներից մեկը»:

 

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ»

26.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31