Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտն ու առողջ ապրելակերպը օգնում են հաղթահարել ցանկացած դժվարություն

Հուլիս 27,2017 13:00

ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցներից էր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից Կարեն Ռաշոյանի ընտանիքը:

Երրորդ տարին է, ինչ ընտանիքը մասնակցում է այս մրցույթին: Ճիշտ է, այստեղ մրցանակային տեղեր չի զբաղեցրել, սակայն Կարենն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ հաղթող ճանաչվել է մեկ այլ՝ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի բազկամարտ մրցաձեւում:

Զրույցի ընթացքում պարզվեց, որ Կարեն Ռաշոյանը 1992 թվականին մեկնել է Արցախյան ազատամարտ, երբ ընդամենը 16 տարեկան էր: Մի քանի անգամ գնդակային վիրավորում է ստացել, իսկ 1995-ին պայթել է ականի վրա, որի հետեւանքով ոտքը պրոթեզավորվել է: Իսկ երբ սկսվել է Ապրիլյան պատերազմը, նա հատուկ պատրաստություն անցած 20 մարզիկներով համալրված ջոկատով կրկին Արցախում է եղել: Հարցին, թե այդ կարգավիճակով Ապրիլյան պատերազմին մասնակցելու անհրաժեշտություն կա՞ր, Կարեն Ռաշոյանը պատասխանեց. «Երբ գնացի, շատերը անգամ չգիտեին ու չէին էլ պատկերացնում, որ ոտքս պրոթեզ է: Բոլորի հետ միասին մասնակցել եմ մի քանի գործողությունների՝ կատարելով մարտական առաջադրանքները: «Գաղտնիքս» բացահայտվեց մարտական գործողություններից մեկի ավարտից հետո, երբ հանգստանալու համար պրոթեզս հանեցի: Իմ կարգավիճակի մասին գիտեր միայն Խաչիկ Ասրյանը, որի ջոկատի հետ միասին քառօրյա պատերազմում սահմանին գտնվում էինք հարեւանությամբ»:

Կարենը երեք զավակ ունի: Որդին 18 տարեկան է ու պատրաստվում է մեկնել Հայոց բանակ: Կարեն Ռաշոյանի կինը՝ Սուսաննա Հովակիմյանը, բոլորից լավ է ճանաչում ամուսնուն: «Որ Կարենը մեկնեց քառօրյա պատերազմ, այնքան էլ սրտովս չէր: Բայց նրա որոշումը որոշում է: Եթե ասաց գնում եմ, ուրեմն պիտի գնա: Ոչ ոք ու ոչինչ կանգնեցնել չէր կարող, անգամ հարազատ մայրը: Բավական է լսի, որ զինվոր է վիրավորվել, տեղը չի գտնում: Բոլորն էին զարմացած, որ ինքն այս կարգավիճակով գնացել է Արցախ: Հիմա էլ ոգեւորված է, որ մեր զավակն է բանակ գնալու», – ասաց տիկին Սուսաննան:
Կարեն Ռաշոյանն իր արածի մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: «Միայն ես չեմ: Օրինակ, իմ մանկության ընկեր Կարեն Հարությունյանը, որի գանգոսկրի մի մասը փոխարինված է պլաստմասսայով: Մենք միասին էինք Ապրիլյան պատերազմում: Գնացել էինք, որ մեր զինվորների կողքին լինենք, օգնենք նրանց: Ու մեր նման շատերը կան: Փառք Աստծո, մեր երիտասարդ զինվորները մեր կարիքը չունեին: Դա մեր աչքով տեսանք, անձամբ համոզվեցինք», – ասաց նա:

Կարեն Ռաշոյանը վստահ է, որ սպորտը, առողջ ապրելակերպը իրեն շատ են օգնում կյանքում: Ինքը ժամանակին զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով: Նա խորհուրդ է տալիս՝ ամբողջ ընտանիքով զբաղվել սպորտով, մասնակցել մարզական մասսայական միջոցառումների: «Դա ամրապնդում է ընտանիքի միասնականությունը, կամք ու ոգի սերմանում: Ձեր առջեւ նպատակ եք դնում ու պայքարում դրան հասնելու, հաղթելու համար: Իսկ եթե չհաջողվի առաջինը լինել կամ մրցանակային տեղ զբաղեցնել, էական չէ: Միեւնույն է, գլխավոր հաղթանակը արդեն ձեռք է բերված: Դա ընտանիքիդ անդամների առողջությունն է», – ասում է ամբողջ կյանքում հայրենիքի պաշտպանն ու մարզիկը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31