Հուլիսի 26-ին Հայ կանանց ճակատը Հյուսիսային պողոտայում «Սիրիր մերձավորիդ» խորագրով ակցիա էր կազմակերպել նվիրված՝ Արթուր Սարգսյանի հիշատակին, որը հայտնի է որպես «Հաց բերող»։
Հայ կանանց ճակատի ներկայացուցիչները հաց եւ քաղցրավենիք բաժանեցին անցորդներին: Նրանք բոլորին հորդորում էին հյուրասիրվել, ասելով` «Համարեք, որ Հաց բերողն է ձեզ հյուրասիրում»:
Հիշեցնենք, որ 2016թ հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանը հաց էր հասցրել Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին: 2017թ. մարտի 16-ին «Հաց բերողը» մահացել էր:
Հյուսիսային պողոտայում կայացած միջոցառման ժամանակ ընթերցեցին դերասանուհի Թամար Հովհաննիսյանի էսեները` Արթուր Սարգսյանի հիշատակին: Անցորդներին նաեւ թռուցիկներ էին բաժանվում, օտարերկրացիներին` նաեւ անգլերեն: Թռուցիկներն ավարտվում էին` «Հաց բերողին սպանեցին» արտահայտությամբ: Բարձրախոսով հնչեցին իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների անունները, որոնք ակցիայի կազմակերպիչների ձեւակերպմամբ, մեղավոր են «Հաց բերողի» մահվան համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ