Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Իսրայելին խնդրել է կազմակերպել իր արտահանձնումը: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Այսօր տեղի է ունեցել իմ հանդիպումը Լապշինի հետ: Նա դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու վերաբերյալ»,- ասել է փաստաբանը:
Չերնինը նաև նշել է, որ Լապշինը հրաժարվել է բողոքարկել դատարանի վճիռը: «Իմ պաշտպանյալը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դեսպանատանը՝ իրեն աջակցություն տրամադրելու պատրաստակամության համար: Բայց նա ցանկանում է, որպեսզի իրեն արտահանձնեն Իսրայել, և արդեն լրացրել է համապատասխան ձևաչափով դիմումը»,- ասել է Չերնինը:
Նրա խոսքով՝ դրական պատասխանի դեպքում իսրայելական կողմը պետք է դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որից հետո, ըստ ընթացակարգի, պետք է տեղի ունենա դատական նիստ, որտեղ կորոշվի արտահանձնման հարցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ