Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սա է դատախազության մակարդակը, իհարկե, մենք էլ դա ենք ասում, էլի»

Հուլիս 26,2017 20:45

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին այսօր դատարան գալիս ուղեկցում էին չորսից հինգ ոստիկան: Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ նիստերի դահլիճում ոստիկանների կանգնած դիրքը խոչընդոտում էր նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանին: Նա ասաց, որ ոստիկանները փակել են իր տեսադաշտը ու դատարանին միջնորդեց, որ կարգ ու կանոնի պահպանմանը հետեւեն կարգադրիչները ու նրանցից բացի այլ անձինք կարգ ու կանոն չհաստատեն դահլիճում, բայց դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը:

Մեղադրող դատախազն էլ անդրադարձավ Տիգրան Հայրապետյանի բերած բողոքի այն հատվածին, որտեղ Գեւորգ Սաֆարյանին քաղբանտարկյալ էր ներկայացրել, դատախազի խոսքով, այդ հանգամանքը կապ չունի Սաֆարյանի գործի հետ: Փաստաբանն իր բողոքում վկայակոչել էր նաեւ Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության դիմումը գլխավոր դատախազին եւ նախկին օմբուդսմենի գրությունը ոստիկանապետին, ինչը դատախազի խոսքով, կրկին որեւէ կապ չունի գործի հետ:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազին ուղղված նամակում միջազգային կազմակերպությունը դատապարտել էր Սաֆարյանի նկատմամբ կատարվածը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան, իսկ նախկին օմբուդսմենն իր գրությամբ դատապարտել էր ոստիկանների պահվածքը ակտիվիստների նկատմամբ:

Դատական նիստը ընդմիջվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 22-ին:

Դատական նիստից հետո Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազն ու դատարանը պատրանք են ստեղծում, որ իրենք արդար դատաքննություն են իրականացնում, բայց չեն խոսում իր բողոքում բարձրացված հարցերից. «Դատախազը խոսեց մեկ ժամ, ավելի ճիշտ կլիներ երկու րոպե խոսեր, բայց խոսեր մեր բողոքի հիմքերից… եթե սա է դատախազության մակարդակը, իհարկե, մենք էլ դա ենք ասում էլի, որ դատախազության մակարդակը սա է, ու այդ մակարդակը երեւում է դատարանում, մենք փաստաթուղթ ենք ներկայացնում, փոխանակ մեր փաստաթղթի իրավական եւ փաստական հիմքերի վերաբերյալ առարկություններ լինեն, առարկությունները լինում են անտրամաբանական ու ասում են՝ գործի հետ կապ չունի, այդ դեպքում ի՞նչը կապ ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31