«Սասնա ծռերը» գաղափարական մարդիկ են, չեմ կարծում, որ թամահ անեն գումարի, այսինքն, ի՞նչ՝ այդքան վստա՞հ էին, որ այնտեղից պետք է դուրս գային եւ այդ գումարները ծախսեի՞ն: Այդ մարդիկ պարզ ասում էին՝ մեր մարմինները ձեզ կամուրջ դեպի ազատություն, օգտվեք ժողովուրդ»,- անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի գողության վերաբերյալ հրապարակված որոշ ցուցմունքներին՝ ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
«Կարող է պատահի ՊՊԾ գնդի տարածքում ինչ-որ մեկը էշություն է արել, դա չի կարող ամբողջ տղաների բարոյական կերպարի վրա ստվեր գցել»,- շարունակեց ազատամարտիկը:
Նրա խոսքով, ըստ Քրեական օրենսգրքի, «Սասնա ծռերը» հանցագործներ են համարվում, բայց. «Այդ «հանցագործներն» ավելի բարոյական են, քան թե իշխանության նստած ցանկացած նախարար կամ վարչության պետ»:
Անդրադառնալով ոստիկան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքին, թե ՊՊԾ գնդի գրավման օրը իր անձնական գումարներն էլ է անհետացել աշխատասենյակից, հետագայում հայտնվել՝ Գագիկ Սարուխանյանն ասաց. «Մեքենայի վաճառքից մնացած գումարն ինչ գործ ունի աշխատասենյակումդ, ես էլ կասեմ՝ ոչ, մեքենայի վաճառքից չէ, նալոգները, որ բերել, մուծել են, դրանից է, դու հլը խոսի ժամացույցից, էդ պատից կախած սեքսի ժամացույցից, ոչ թե քո 3500 դոլարից: Ոնց կարելի է ոստիկանության ներկայացուցչին հավատալ, եթե շարքով կանգնած Գեւորգ Սաֆարյանի գործով սուտ ցուցմունքներ են տալիս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ