Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ աշխատանքներ են կատարվել և ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել Արցախի գյուղատնտեսության ոլորտում. ներկայացնում է նախարարը

Հուլիս 26,2017 18:45
gyuxatntes

Այսօր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացրել է նախ 2016թ. գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքները, ապա խոսել 2017թ. նախատեսված և արդեն կատարված ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ:

«Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի ապրիլ-մայիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտը կաթվածահար վիճակում էր՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով, բայց մենք տարին եզրափակեցինք ռեկորդային ցուցանիշներով: Ունեցանք նախադեպը չունեցող 150 հազար տոննա հացահատիկային բերք, գարնանացան մշակաբույսերի բարձր ցուցանիշ՝ մոտ 7500 հա ցանքս, ծխախոտի ցանքատարածությունների կրկնապատկում՝ 80 հա –ից ավելի քան 150 հա: Ոռոգման համակարգում ունեցանք որոշակի առաջընթաց: Հատկապես կանոնակարգվեցին ոռոգման աշխատանքները և տարվա ընթացքում հիմնականում չունեցանք բողոքներ ջուր օգտագործողների կողմից: Հասցրեցինք ոլորտում իրականացնել նաև բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ,- ասում է նախարարը՝ հավելելով,- այն ծրագրերը, որոնք նախապես մշակել էինք, կարողացել ենք իրականացնել 2016թ-ի ընթացքում»:

Անդրադառնալով 2017թ. նախատեսված և արդեն կատարված աշխատանքներին՝ Արամ Մխոյանը նշում է, որ 2017թ. աշնանացան գարու և ցորենի ցանքսերը կատարվել են նույնչափ, ինչքան նախորդ տարում (58500 հա ցանքատարածություններ):

«Այժմ պետք է ուրախությամբ նշել, որ միայն հացահատիկային մշակաբույսերի առումով արդեն գերազանցել ենք անցյալ տարվա 150 հազար տոննա ցուցանիշը: Նախորդ տարի մենք այդ թիվը ունեցանք նաև հնդկացորենի և եգիպտացորենի բերքի հետ միասին: Այս տարի միայն ցորենի, գարու և հաճարի բերքի ցուցանիշներն են կազմում 150 հազար տոննա և դեռևս ակնկալվում է ևս 15000 տոննա բերք, քանի որ դեռևս կան մոտ 3000 հա ցանքատարածություններ: Սա խոսում է այն մասին, որ 10 տոկոսով գերազանցել ենք նախորդ տարվա ցուցանիշը՝ չավելացնելով ցանքատարածությունների թիվը»,- պարզաբանում է Արամ Մխոյանը:

Նրա խոսքով այս տարի աննախադեպ էր նաև գարնանացան մշակաբույսերի առումով: Կրկնապատկվել է գարնանացան ցանքատարածությունների նախորդ տարվա ցուցանիշը՝ այս տարի կազմելով 15000 հա, նախորդ տարվա 7500 հա-ի դիմաց:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31