Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարվա համեմատ դեպի ԵՄ արտահանման տեսակարար կշիռը ավելացել է, իսկ դեպի ԵԱՏՄ՝ նվազել

Հուլիս 26,2017 17:39

Ինչպես փոքր բաց տնտեսական համակարգով բնութագրվող բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում արտաքին առևտրի դինամիկան հանդիսանում է ողջ տնտեսության ընթացիկ կոնյուկտուրան ուրվագծող հիմնարար գործոններից մեկը: Այդ տեսանկյունից հետաքրքրական է ուսումնասիրել, թե ընթացիկ տարվա առաջին հատվածում արտաքին առևտրի ոլորտում ինչպիսի հիմնական տենդենցներ են դրսևորվել:

Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ 2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է մոտ 23%-ով՝ նախորդ տարում գրանցված 6.8% աճի համեմատությամբ:

Արտահանումը

Ըստ ԱՎԾ կողմից հրապարակված տվյալների՝ 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ արտահանումը աճել է շուրջ 20.9%-ով, իսկ ներմուծումը՝ 24.4%-ով: Ընթացիկ տարում արտահանման խոշորագույն ապրանքախումբ է շարունակում մնալ հանքահումքային արտադրանքը, որին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման գրեթե 30%-ը:

Արտահանման երկրորդ խոշորագույն ապրանքախումբը պատրաստի սննդի արտադրանքն է, որի արտահանման ծավալները 2017թ. առաջին հինգ ամիսներին ավելացել են մոտ 34.1%-ով՝ հասնելով 195.7 միլիոն դոլարի:

Ավանդաբար արտահանվող արտադրատեսակներին զուգահեռ՝ այս տարեսկզբին շուրջ 300%-ով ավելացել է նաև մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանման ծավալը: Այսուամենայնիվ, չնայած գրանցված աճին՝ այս ապրանքախմբի արտահանման ծավալները շարունակում են մնալ բավականին ցածր՝ կազմելով ընդհանուր արտահանման միայն 2.4%-ը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը՝ Եվրոպական միությունը առ այսօր շարունակում է լինել ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերները. 2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում դեպի ԵՄ անդամ երկրներ ուղղվել է ՀՀ ընդհանուր արտահանման շուրջ 30%-ը, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է միայն 22.2%: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ դեպի ԵՄ արտահանման տեսակարար կշիռը ավելացել է, իսկ դեպի ԵԱՏՄ՝ նվազել:

Փոխարենը թռիչքային աճ է գրանցել արտահանումը դեպի մի շարք եվրոպական երկրներ: Այսպես, 2017թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ արտահանումը դեպի Ֆինլանդիա ավելացել է 75.2 անգամ, դեպի Դանիա՝ 33.8 անգամ, դեպի Շվեդիա՝ 8.6 անգամ, դեպի Միացյալ թագավորություն՝ 5.4 անգամ, իսկ դեպի Նիդերլանդներ՝ 2.1 անգամ: Տպավորիչ 820%-ով ավելացել է նաև ՀՀ արտահանումը դեպի Շվեյցարիա, ինչի արդյունքում Շվեյցարիան դարձել է արտահանման գծով ՀՀ երկրորդ խոշորագույն գործընկեր երկիրը՝ արտահանման 108 միլիոն դոլար ծավալով:

Ներմուծումը

Ինչպես արդեն նշվեց, 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ ներմուծումն ավելացել է 24.4%-ով՝ հասնելով գրեթե 1.5 միլիարդ դոլարի: Այստեղ հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ ճգնաժամային 2008թ.-ից ի վեր առաջին անգամ ՀՀ ներմուծման աճի տեմպերը գերազանցել են արտահանման աճի տեմպերին:

Ներմուծման պահանջարկի այսպիսի աճին նպաստող գործոնների շարքին, ըստ ամենայնի, պետք է դասել ընթացիկ տարվա ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ բաժանված ընտրակաշառքով սպառողական ծախսերը զգալիորեն ավելացել են: Զուգահեռաբար, 2017թ. առաջին եռամսյակում 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ մոտ 16%-ով ավելացել է նաև ՀՀ ուղղվող մասնավոր տրանսֆերտների ծավալը, որը ևս նպաստել է ներմուծման պահանջարկի ավելացմանը: Ներմուծման ծավալների այսպիսի աճի արդյունքում այս տարեսկզբին ՀՀ առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը ավելացել է 28.9%-ով՝ հասնելով 678.3 միլիոն դոլարի:

Ի տարբերություն արտահանման՝ ՀՀ ներմուծումն աշխարհագրական առումով առավել դիվերսիֆիկացված է. ՀՀ ներմուծման 22.6%-ը կատարվում է ԵԱՏՄ անդամ երկրներից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներին բաժին է ընկնում ընդհանուր ներմուծման գրեթե հավասար 22.2 տոկոսը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2017թ. առաջին հնգամսյակում ներմուծումը ԵՄ և ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից ավելացել է 33.9%-ով կամ 197 միլիոն դոլարով՝ կազմելով ընդհանուր ներմուծման շուրջ 52.5%-ը: Եթե նկատի ունենանք, որ մինչ 2022թ. Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ անցում է կատարելու ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերին, ապա ակնհայտ է դառնում, որ ներմուծման աշխարհագրական կառուցվածքի փոփոխության այս միտումների պահպանման պարագայում ԵԱՏՄ կողմից սահմանված առավել բարձր դրույքաչափերի բացասական ազդեցության դաշտը համամասնորեն ընդլայնվելու է՝ հանգեցնելով առավել մեծ ծավալով ապրանքների թանկացմանը:

Անդրանիկ Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31