«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն եւ խնդրել համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) եւ Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: Վարկի ապահովման միջոց «Տաշիր Կապիտալ»-ն իրեն պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594% կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսեր է գրավադրում:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 27-ի կառավարության նիստի օրակարգից: Այս նախագիծը օրակարգում է ներառվել որպես չզեկուցվող:
Կառավարության այս որոշման նախագծի հավելվածով հաստատվում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը եւ հանձնարարվում է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:
Նախագծում նշված է, որ այս համաձայնությունը ուժի մեջ կմտնի եւ վավերական կդառնա միայն այն պայմանով, եթե ՎԶԵԲ-ի եւ ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:
Իսկ թե որքան վարկային միջոցներ է ցանկանում ստանալ «Տաշիր Կապիտալը», նախագծում նշված չէ, ինչպես նաեւ նշված չէ, թե ինչ արժե գրավադրվող բաժնետոմսը:
Նախագծում գրված է, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության եւ «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ի միջեւ 2017-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի, «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն համապարտ պատասխանատվություն է ստանձնել ՀՀ կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ 2002-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով: Ըստ այս եւ մեկ այլ համաձայնագրի, «Էներգետիկայի մասին», «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-երի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքներից բխող՝ «Տաշիր Կապիտալ»-ի (գնորդի) բոլոր պարտավորությունների համար, ներառյալ նաեւ այն, որ գնորդը չպետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 67 տոկոս բաժնետոմսերը ծանրաբեռնի կամ օտարի առանց նախօրոք ստանալու ՀՀ կառավարության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ