Լրահոս
Օրվա լրահոսը

«Նատալին ցույց են տալիս, Մարքրիտին կնության տալիս». ՀՀԿ-ում վարչապետի ու կուսակցությունների վարկանիշի անկումը բնական են համարում

Հուլիս 26,2017 16:45

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բնական է համարում, որ ընտրություններից հետո կուսակցությունների, այդ թվում ՀՀԿ-ի վարկանիշն անկում է ապրել:

Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարել էր` իրենց հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ընտրություններից հետո արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի վարկանիշն ընտրարշավի ընթացքում ձևավորված վարկանիշի համեմատ որոշ չափով նվազել է: Նրա խոսքով՝ այս լճացած իրավիճակում որևէ քաղաքական կուսակցություն չի գրանցել աճ՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական. կա որոշակի վակուում:

Aravot.am-ը Էդուարդ Շարմազանովին հիշեցրեց, որ ժամանակին, երբ անցում էինք կատարում խորհրդարանական համակարգին, ՀՀԿ-ի հիմնական պատճառաբանությունն այն էր, որ այդ համակարգով ուժեղացնելու են կուսակցություններին, բայց, փաստորեն, հակառակ պատկերն ունենք: Այնուհետև հետաքրքրվեցինք` սա արդյոք նշանակո՞ւմ է, որ խորհրդարանական համակարգն իրեն չի արդարացնում, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Համամիտ չեմ նման գնահատականի հետ, քանի որ կուսակցությունների վարկանիշ, կուսակցական համակարգի ուժեղացում լրիվ այլ հասկացություններ են: Եթե Ձեզ թվում է, որ զարգացած ժողովրդավարական երկրներում կուսակցական համակարգի ճգնաժամ, կուսակցությունների վարկանիշի անկում ընտրություններից հետո չի լինում, Դուք արդարացի չեք: Կուսակցությունների վարկանիշն այլ կատեգորիա է: Խորհրդարանական համակարգի անցումը նպատակ չի ունեցել զուտ կուսակցությունների վարկանիշը բարձրացնել»:

Պարոն Շարմազանովը հավաստիացրեց, որ բոլոր երկրներում էլ կուսակցությունների վարկանիշը բարձրանում է ընտրական գործընթացների ժամանակ, հետո անկում ապրում:

Իսկ ասել, որ խորհրդարանական համակարգը ստացված չէ, ըստ ՀՀԿ խոսնակի` դեռ վաղ է, քանի որ համակարգն անցումային փուլում է, 2018-ի ապրիլից հետո կարող ենք խոսել լրիվ անցման մասին:

Պարոն Շարմազանովի դիտարկմամբ` սխալված կլինեինք նաև այն պարագայում, եթե կուսակցությունների վարկանիշը բարձր լիներ ու մենք ասեինք, որ խորհրդարանական համակարգն իր առաջ դրած խնդիրները լուծել է, կրկին սխալված կլինեինք:

Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցումներով` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշում ևս անկում կա: Մեր հարցին` գուցե Կարեն Կարապետյանի ներուժն ու կերպարի օգտագործումը ՀՀԿ-ն չարաշահե՞ց, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Իհարկե, իմ կարծիքը մի ընդունեք որպես վերջին ճշմարտություն, բայց կրկին նույն կերպ եմ մեկնաբանում, դա բնական է: Ես չեմ ասում, որ հիմա վարչապետն ավելի վատ է աշխատում: Նա եղել է ՀՀԿ հիմնական քարոզիչներից մեկը: Իհարկե, չի չարաշահվել: Կարող է ցածր է, մի ամիս հետո էլ կարող է բարձր լինել. վարկանիշն այդպիսի բան է: Դա սրտի աշխատանքի նման է` վերև, վայրէջք: Դա մեզ չի անհանգստացնում. մեր ծրագիրը նոր ենք ընդունել, դա մեկ օրում չի արվում: Ի՞նչ է ընտրությունների ժամանակ ասել ենք` վաղը ՀՀ-ն պետք է դրա՞խտ դառնա»:

Էդուարդ Շարմազանովը զրույցի ավարտին հավաստիացրեց, թե իրենք շոու -բիզնեսի ներկայացուցիչ չեն, որ առավոտից իրիկուն լայքերի, դիտումների ու վարկանիշի մասին մտածեն:

Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենի կարծիքով` ՕՐՕ, Կոնգրես-ՀԺԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունների վարկանիշի անկում է նկատվում, քանի որ նրանց մոտ ինքնաքննադատությունը բացակայում էր:

ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն ինքնաքննադատության մեծ տեղ չի էլ տեսնում. «Ո՛չ պետություն եմ թալանել, ո՛չ արդարադատության համակարգ վերահսկողության տակ վերցրել, ո՛չ մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառել: Ինչ վերաբերում է կոնկրետ դաշինքին, ապա ինքնաքննադատության կարիքը ընտրություններից հետո ո՞րն էր: Եթե քաղաքացիները քարոզչական հնարքներին, գումարներին տրվեցին, գնացին քվեարկեցին, ապա այդ դեպքում մեր ինքնաքննադատությունը ի՞նչ կտար: Ի՞նչ պետք է ասեինք, որ չենք ասել: Վարդան Օսկանյանն ասաց, որ պատրաստ է կանգնել դատարանի առաջ, նույն էլ Սեյրան Օհանյանն ասաց: Դրանից ավելի էլ ի՞նչ անեին»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` կուսակցական համակարգի ուժեղացման համար երկու պարտադիր բաղադրիչ գոյություն ունի`ընտրական համակարգի գոյություն ունենալը, կուսակցությունների անկախ ֆինանսավորում, ինչը ևս չկա: Ուրեմն, ըստ նրա, խոսել այն մասին, որ խորհրդարանական համակարգի անցումը դրա համար էր արվում, անիմաստ է. «Առավել ևս, որ մինչև խորհրդարանական համակարգի անցումը կուսակցական համակարգի հայրիկը և մայրիկը խիստ լացացրել էին իշխանություններն իրենց ճնշումներով և այլն»:

Դառնալով կուսակցությունների վարկանիշի անկմանը` պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հասարակության այս ապատիկ վիճակում դա բնական է, առավել ևս երեք-չորս տարի շարունակ բոլոր շոշափուկներով իշխանություններն ամենախիստ ոչնչացման հարվածներն են հասցրել կուսակցական համակարգին:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի`այժմ ընտրակեղծարար և ոչ լեգիտիմ խորհրդարան է ձևավորվել և քաղաքացիների խնդիրների լուծման հետ այն կապ չունի, այլ Սերժ Սարգսյանի`առանց խոչընդոտների իշխանության պահելն է դրա հիմնական նպատակը:

Իսկ վարչապետի վարկանիշ, ըստ Արմեն Մարտիրոսյանի, գոյություն չունի. դա քարոզչական հնարք էր. «Նատալին ցույց են տալիս, Մարքրիտին կնության տալիս. այդ ֆունկցիան պիտի կատարեր վարչապետը: Նատալին ցույց տվեցին` ի դեմս վարչապետի, Մարքրիտին` ի դեմս Սերժ Սարգսյանի` կտան կնության: Նա կլինի վարչապետ, բայց եթե Սահմանադրության հոդվածները փոխվեն, և ուժի ծանրությունն այլ պաշտոնի տրվի, Սերժ Սարգսյանը կգնա այդ պաշտոնին: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ոչ թե տնտեսական, այլ ուժային բլոկին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31