2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը եւ ամբաստանյալների պաշտպաններից Արա Զաքարյանը կրկին վիճեցին:
Արա Զաքարյանը, որը պնդում է, թե դատարանի կարգադրիչներն իրեն ոչ թե զննում են, այլ խուզարկում, դատավորին միջնորդեց՝ կարգադրիչներին պարտադրել իրեն թույլատրել ներս մտնել պայուսակով, որում համակարգիչ եւ անհրաժեշտ փաստաթղթեր կան:
Դատավորը կրկին բարկացավ. «Բոլոր փաստաբաններով էլի նույն բանն եք ասում, խոչընդոտում եք նիստը: Ուզում եք՝ տասը հատ պայուսակ բերեք, բայց զննություն անցեք»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հինգերորդ անգամ ընդմիջեց նիստը, որպեսզի փաստաբանը պայուսակը բերի: Պարբերական ընդմիջումներից ամբաստանյալների նյարդերն էլ տեղի տվեցին: Պավլիկ Մանուկյանը բղավեց. «Էս ի՞նչ վիճակ ա, գազանանո՞ց ա, ինչ ա…ջունգլիներում չենք, դուք էլ ջունգլիների ինքնակոչ արքան չեք»:
Ի դեպ, Արա Զաքարյանի առնչությամբ եւս դատարանը կդիմի ՀՀ փաստաբանների պալատին՝ սանկցիայի ենթարկելու մասին գրությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բռավո, Պավլիկ…