Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեգենդար Կոմանդոսը կդասավանդի Շիրակի համալսարանում․ ուսանողները կլինեն ապրիլյան պատերազմի մասնակիցները

Հուլիս 26,2017 16:35

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում այս տարվանից կգործի ռազմական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա, որտեղ կսովորեն ապրիլյան հերոսամարտի մասնակիցները, զոհված զինվորների ընտանիքի անդամները։ Դիմորդները Հայաստանի տարբեր տեղանքներից են, նրանց մեջ կան նաև Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտներ։ Նախնական պայմանավորվածության կա, որ նրանց կդասավանդի նաև Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության, սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը։ Մեր զրուցակցի համոզմամբ, լեգենդար զորավարի ֆենոմենն է, որ ձգում է բոլորին անպայման գալ ու սովորել Շիրակի պետական համալսարանում։

Ամբիոնի վարիչի պարզաբանմամբ, նման բաժին ունենալը ժամանակի հրամայականն է։ «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք համոզվեցինք, որ անհրաժեշտ են հոգեբաններ հայրենիքի ֆենոմենի և ընդհանրապես ապրիլյան դեպքերի նկարագիրը, զինվորների այլ հոգեվիճակի մեջ մտնելը, գիտակցության հետ փոփոխություն կատարվելը հասկանալու համար։ Եվ մենք մտածեցինք, որ անհրաժեշտ է բուհին այս մասնագիտությունը։ Ինչպես նաև արձագանքելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-բանակ» գաղափարադրույթին՝ բուհում բացվեց զինվորական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա։ Հետագայում կուզենանք, որ մագիստրատուրան գործի Շիրակի պետական համալսարանի և պաշտպանության նախարարության կրթության վարչության հետ համատեղ։ Ո՞ւմ ենք մենք շահագրգռել կամ ցանկացել, որ հայտնվեն մեր բուհում․ապրիլյան հերոսամարտի զինվորներին, վիրավորներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնք երկուստեք կարիք ունեն սթրեսից դուրս գալու, իսկ զինվորական հոգեբանության կրթական վերջնարդյունքները միտված են դրան։ Նրանց ընտանիքի անդամներից արձագանք ենք ստացել, օրինակ՝ նահատակված զինվորներից մեկի մայրը ցանկացել է սովորել այստեղ։ Արդեն 30-ից ավելի դիմումներ ունենք, կան խաղաղապահներ, որոնք անդամահատված են, որոնք կարիք ունեն և՛ մասնագիտություն ձեռք բերելու և՛ սթրեսից դուրս գալու, որովհետև զինվոր լինելը դա հոգեվիճակ է, զինվորականը դա մասնագիտություն է։ Այդ հոգեվիճակի պայմաններում կուզենային և՛ կրթություն ստանալ, և՛ դուրս գալ սթրեսից։ Այսինքն` կառավարեին սեփական սթրեսը»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարինե Սահակյանի ներկայացմամբ մագիստրատուրայի այս բաժնում սովորելու մոտիվները տարբեր են․ ինքը զրուցել է նահատակված զինվորի մոր հետ, որը պատճառաբանել է, թե ցանկություն ունի շարունակել իր որդու սկսած գործը։ «Ճիշտ է՝ կա մահը, որի դեմ մայրը խնկարկում է, կա նաև հպարտության զգացում, որ հայրենիքի համար է այդ ամենը։ Հայրենիքը, հայրենի հողն անսպառ ռեսուրս են, որի կորստի դեպքում տեղի է ունենում հոգեբանական ռեգրեսիա։ Եվ մայրը ցանկացավ այն գործը, որը որդին էր սկսել, ինքը շարունակեր որոշակի կրթություն ստանալուց հետո։ Նահատակված զինվորներից մեկի եղբայրն էլ է ուզում սովորել, ասում է՝ ես կուզենամ սովորել, ես մեծ ինֆորմացիայի կարիք ունեմ, եղբայրս չկա, բայց ես չեմ ուզում ուրիշներից լսեմ նրա հոգեվիճակի մասին, ես ուզում եմ ինքս ընկալեմ։

Մենք մտածում ենք, որ այդ բոլոր զինվորները, որոնք մեկտեղվեն, բացառիկ ինֆորմացիա կլինի ապրիլյան դեպքերի մասին, որը մեր ժողովրդին շատ պետք է, հետաքրքիր է, «ազգ-բանակ» կոնցեպցիայի հենց անմիջական կրողների անմիջական ինֆորմացիան է, նմանատիպ ինֆորմացիան պետք է պահվի բանկերում, որովհետև Արցախյան պատերազմի մասին դեռ շատ ու շատ կխոսվի ու դեռ շատ ու շատ բացահայտումներ կլինեն։ Հերոսներին, ինչպես նաև նրանց հարազատներին մեկտեղում ենք մեր բուհում, ինչպես են իրենք վերաբերում, ի՞նչ է պատերազմը իրենց համար, զոհի կորուստը ի՞նչ է, այն ինֆորմացիան, որ իրենք կրում են իրենց մեջ և երբ դա կբացահայտվի, արդյոք իրենք կարո՞ղ են այդ մասին խոսել, ինչքա՞ն ժամանակ է դեռ պետք։ Ամենակարևորը կստեղծվի մի կրթական միջավայր, որ իրենք նախ միմյանց հետ ինֆորմացիա կփոխանակեն, միջանձնային հարաբերությունները կհստակեցվեն, և տեղեկություններ կստանանք զինվորի կյանքի մասին։ Ես այս ամենը կուզենայի նմանեցնել մեր էպոսի հետ, Դավիթը երբ մենամարտում է Մսրա Մելիքի հետ, հանկարծ երկնքից իր համար լույս է իջնում, և լույսը իր կյանքի պայծառացումն է և ընդհանրապես էպիկական պայծառացում է։ Ինձ թվում է, որ այն զինվորները, որոնք ապրիլյան դաշտում էին, իրենք նման պայծառացում ստացան, քանի որ հայրենիքը ամենամեծ ֆենոմենն է»։

Կարինե Սահակյանի ասելով, հերոսներին համալսարան բերելով՝ բուհը կփոխի իր կերպարը։ «Ես չեմ ասում, թե բուհը կերպար չունի, բայց բուհի բնավորության մեջ կմտնի հայրենիքի ֆենոմենը, հայրենիքը սիրել տալու ֆենոմենը, հայրենի հողի պաշտպանի կերպարը և մյուս ուսանողների արժեքային կողմնորոշումների մեջ զինվորն ամենաթանկարժեքը կլինի։ Ինձ թվում է կփոխվի նաև մեր ուսանողուհիների արժեքային կողմնորոշումը․նրանց արժեբանության մեջ կմտնի տղամարդու մի նոր կերպար՝ զինվորի կերպարն է , հայրենիքը սիրող զինվորի կերպարն է, հայրենիքը պաշտող ու հայրենի հողը պահպանող զինվորի կերպարը կդառնա իդեալական փեսացուի կերպար։ Ամբիոնն էլ, ամենայն հավանականությամբ, կկոչվի Արկադի Տեր-Թադևոսյանի անունով։ Սա մոտավոր նախագիծն է, հետագայում ավելի կկատարելագործենք։ Առարկայացանկը, որ ընտրել ենք, շատ հետաքրքիր է, այն կազմել ենք պաշտպանության նախարարության, հայտնի զինվորական դպրոց անցած անձերի, ինչպես նաև զինվորական հոգեբանների աջակցությամբ»,- ասում է մեր զրուցակիցը։

Դրանց մեջ տեղ են գտել հետևյալ առարկաները՝ հոգեբանական ազգային գաղափարախոսություն, զինվորական հոգեբանության մեթոդաբանական հիմքերը, մարտական հերթապահության և պահակային ծառայության հոգեբանական ապահովումը, սթրեսի հաղթահարման ռազմավարություն, ահաբեկչության հոգեբանություն, տագնապի և խուճապի հոգեբանություն, հոգեախտորոշում, հայ մարտարվեստի պատմություն: Այս առարկայի շրջանակներում հատկապես կուսումնասիրվեն ռազմական խաղերը, կսովորեն զինվորական երդումներ, զինվորական ծեսեր, ինչպես նաև կուսումնասիրվեն բոլոր հայ սպարապետների ու զինվորական առաջնորդների ճառերը մարտից առաջ։

«Հայ ժողովուրդն ունի 11 հատորից ավելի ռազմական խաղերի հավաքածու, որը մենք կուսումնասիրենք ու գործնական հոգեբանության մեջ կկիրառենք։ Իսկ ահաբեկչության, տագնապի ու խուճապի հոգեբանության հետ կապված ասեմ, որ օրինակ՝ ամբողջ Թալիշի ժողովրդի վրա շատ է ազդում տագնապը, նրանք անընդհատ տագնապի մեջ են, ինչպես դուրս բերել նրանց տագնապից ու խուճապից, մեր նպատակը նաև սա է»։

Հետաքրքիրն այն է, որ մագիստրատուրան թեև վճարովի է, սակայն շատերը, նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն են հայտնել հովանավոր դառնալ մեր հերոսներին ու նրանց ընտանիքի անդամներին։ «Օրինակ՝ բուհը գտել է հովանավորներ ԱՄՆ-ից, Վահան Թումասյանի «Շիրակ կենտրոն» հ/կ-ն է մեծ աջակցություն ցուցաբերել հովանավորներ գտնելու հարցում և տարբեր հովանավորներ կան։ Սա այն եզակի դեպքերից է, երբ հովանավորները մեծ սիրով համաձայնում են, մեծ հետաքրքրություն ցուցաբերում։ Նորից եմ կրկնում՝ նրանց և՛ կրթություն ենք տալու, և՛ մասնագիտություն, և՛ պսիխոկորեկցիա, այսինքն նրանք հոգեբանորեն դուրս կգան պատերազմի սթրեսից», -ասում է Կարինե Սահակյանը։

Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու նրանց հարազատները բուհ կընդունվեն հարցազրույցով, որը նշանակված է օգոստոսին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31