«Գորգիսյանին ասեք՝ շատ արագ փաստաթղթերը ձեւակերպի իմ անունով, մի բան էլ իրեն կտամ»,- Aravot.am-ի հետ զրույցում հեգնանքով արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Լոռու մարզի Արդվի գյուղի մոտակայքում նախատեսվում է ոսկու հանք շահագործել, ինչի հետեւանքով գյուղը կվերանա: Պատգամավորը լսել է գյուղի բնակիչների մտահոգությունները. «Ուզում են ոսկու հանք բացել այն սարերի վրա, որտեղից գալիս է գյուղի խմելու ջուրը, եւ այդ սարերի վրա են հիմնական արոտավայրերը»:
Ոսկու արդյունահանման նախագծին դեմ գյուղացիներն այսօր վաղ առավոտից փակել են նաեւ ճանապարհը: Այս հարցի վերաբերյալ այսօր նախատեսված են եղել հանրային լսումներ, բայց դրանք չեն կայացել: «Բնապահպանության նախարարությունն այսօր այստեղ նշանակել էր լսումներ, եկան բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և «Գազպրոմի» մեքենաներ, բայց լսումներն այդպես էլ չկայացան, որովհետև այդ մարդիկ հայտարարեցին, որ իրենք ուղղակի տուրիստ են եկել և որևէ ցանկություն չունեն ժողովրդի հետ զրուցելու, բնակիչներին ասելու իրենց պլանների մասին»,- ասել է պատգամավորը`հավելելով, որ Արդվիում ոսկու հանքավայրի շահագործողը երկու ամիս առաջ բացված «Միռամ» ընկերությունն է, որի բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին. «Այստեղ տեսանք նաև Վահրամ Բաղդասարյանի աշխատակիցներից մեկին»:
Հավելենք, որ գյուղն ընդգրկված է ՄԱԿ-ի գյուղական տուրիզմի զարգացման ծրագրում: Արդվիում է գտնվում նաև Հովհաննես Օձունեցու գերեզմանը, որտեղ ամեն տարի ուխտագնացություն է լինում։
Վահրամ Բաղդասարյանը հանրապետությունում չէ, մեզ հետ հեռախոսազրույցում նա նաեւ ասաց, որ իրավիճակից տեղյակ չէ: Կվերադառնա երկու օրից եւ մանրամասն պարզաբանումներ կտա:
Իսկ մինչ այդ՝ նա ասաց, որ ինքը կողմ է հանքի շահագործմանը, բայց եթե դա խանգարում է գյուղի գոյությանը եւ խաթարում պատմամշակութային արժեքների պահպանումը, ապա չի կարելի:
Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնենք, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Լոռում մարզում: Հիշում է, որ իր ընտրարշավի հանդիպումների շրջանակներում խոսակցություններ են եղել ներդրումների մասին, մարդիկ մտահոգություններ են հայտնել, որ ներդրումները Հայաստանում երաշխավորված չեն, ռիսկային են, ինքն էլ հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ռիսկեր չլինեն:
Վահրամ Բաղդասարյանը կտրականապես հերքում է, որ ինքը կապ ունի այդ հանքի շահագործման հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ճիշտ է ասում՝ ինքը երեկվանից կապ չունի՝ երեկվա տվյալներով ԻՐ ռեստորանի տնօրենն ու մի տիկին շտապով հրաժարվել են ,,ՄԻՌԱՄ,, ՍՊ – ից …. որտեղ 2 ամիս առաջ էին մտել …. երեւում է այդտեղի ժողովորդը իրոք շատ գեշ է՝ չեն թողնում իրենց գյուղը քանդեն