Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյանը դիմել է Սահմանադրական դատարան

Հուլիս 26,2017 15:43

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ վարույթ է ընդունել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի դիմումը: Լեւոն Բարսեղյանը եւ դատարանում նրա ներկայացուցիչ՝ ԱԺ պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը վիճարկում են անձնական կյանքի անձեռնմխելիության եւ անձնական ազատության իրավունքի խախտման օրենսդրական նորմերի անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Օրենքը նախատեսում է բարոյական վնասի փոխհատուցում`մարդու ազատազրկման համար, բայց չի նախատեսում մյուս հիմնարար իրավունքների խախտման համար բարոյական վնասի հատուցում: Խոսքը վերաբերում է հավաքների ազատության իրավունքի, ազատ արտահայտվելու իրավունքի, ազատ տեղաշարժվելու եւ այլ իրավունքների խախտումներին:

Հիշեցնենք, 2011 սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների օրը Լեւոն Բարսեղյանին բերման էին ենթարկել եւ երեք ժամ պահել ոստիկանությունում: Նրան ազատ արձակեցին զորահանդեսի ավարտից հետո միայն: Այդ օրը Լեւոն Բարսեղյանը փորձում էր իրականացնել խաղաղ հավաք եւ իր անհամաձայնությունը հայտնել ՀՀ անկախության 20-ամյակի շքերթին օտարերկրյա դրոշներ ներկայացնելու համար: Զորահանդեսին մասնակցում էր նաեւ ռուսական զորախումբը:

«Մենք դիմեցինք դատարան, որ ճանաչվի նրա իրավունքի խախտումը: Երկու տարի հետո դատարանը ճանաչեց, որ նա ձերբակալված է եղել, ճանաչեց, որ խախտվել է նրա հավաքների ազատության իրավունքը, խախտվել է նրա ազատ արտահայտվելու իրավունքը եւ ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը`հավելելով, որ փորձել են հասնել նաեւ արդարացի հատուցման`դատական ծախսերի եւ բարոյական վնասի: Դատարանը որոշել է, որ ոստիկանությունը պետք է Լեւոն Բարսեղյանին հատուցի 200 հազար դրամ:

«Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կիրառվեց վարչական իրավահարաբերություններում բարոյական վնասի հատուցումը»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ օրենքն ընդունվել է 2003 թվականից եւ ոչ մի անգամ չէր կիրառվել: Բայց Լեւոն Բարսեղյանին այդ գումարը տրամադրել են միայն կալանքի համար, բարոյական վնասի փոխհատուցում հավաքների ազատության իրավունքի, ազատ արտահայտվելու իրավունքի եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումների համար չի տրամադրվել: Մինչդեռ, ըստ Արտակ Զեյնալյանի, 200 հազար դրամը չափազանց փոքր գումար է, որպեսզի համարվի իրավունքի վերականգնում:

Գործով ՍԴ նիստը նշանակված է նոյեմբերի 7-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31