Հուլիսի 25-ին Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ Բագրատաշեն գյուղից մի խումբ առեւտրականներ ժամանակ առ ժամանակ փակել են ավտոճանապարհը, խոչընդոտելով ավտոմեքենաների, հատկապես՝ խոշոր բեռնատարների ճանապարհը:
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց, Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։
Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության աշխատակից Ազատ Խաչիկյանը մեզ հայտնեց, որ ակցիային շուրջ մեկ տասնյակ մարդ էր մասնակցում: Նա ասաց, որ ինքն է առեւտրականների հետ հանդիպել, քանի որ իրենց աշխատանքային համակարգչում առկա են ԵՏՄ հանձնաժողովի նշված պահանջները, որոնք ինքը պարզաբանել է առեւտրականներին: Նա հայտնեց, որ բողոքող առեւտրականների պահանջը կհասցվի համապատասխան մարմիններին, սակայն նշված որոշումը չի փոխվի, քանզի պարտադիր է ԵՏՄ անդամ 5 երկրների, այդ թվում ՝ Հայաստանի համար:
Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ Վրաստանին սահմանակից Բագրատաշենում 15-20 հոգի զբաղված էին Վրաստանից բանջարեղեն ներկրելով եւ գյուղում վաճառելով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ