ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի երեկվա հրամանով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար նշանակված Շուշանիկ Միրզախանյանն այսօր պաշտոնապես ներկայացվեց Կինոկենտրոնի աշխատանքային անձնակազմին։
Ինչպես նշեցին թե′ նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, թե′ Կինոկենտրոնի տնօրենի՝ արդեն նախկին պաշտոնակատար Գևորգ Գևորգյանը, Միրզախանյանը նոր մարդ չէ այստեղ, պրոֆեսիոնալ է և բանիմաց։
Տեր-Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Գևորգյանին՝ երկարամյա աշխատանքի համար։
« Կինոարտադրության մեջ աշխատանքային նոր սկզբունքներ են որդեգրվում, կարծում եմ՝ տնտեսական-վարչական հիմքն այստեղ լավ է դրված։ Ստեղծագործական մասով անելիք շատ կա», -ասաց Գևորգ Գևորգյանը։
Շուշանիկ Միրզախանյանն ավարտել է Կինեմատոգրաֆի համամիութենական պետական ինստիտուտը (Մոսկվա)՝ կինեմատոգրաֆի տնտեսագիտություն մասնագիտությամբ։
Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 20-ից ավելի գեղարվեստական և վավերագրական ֆիլմերում՝ որպես նկարահանող խմբի տնօրեն։ 2004-2009թթ. աշխատել է «Հայկ» կինոստուդիայի փոխտնօրենի պաշտոնում, 2009թ.-ից՝ տնօրենի։ Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
ՀՀ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն