Անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային իրավաբանական անձանց ֆինանսական վարձակալությամբ (լիզինգ) արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու համար այսօր գյուղատնտեսության նախարարությունում ստորագրվեց էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր`«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի եւ «Սուրեն-Անի» ՍՊԸ-ի միջեւ:
Միջոցառմանը ներկա «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանի տվյալներով, տոկոսադրույքը տարեկան 12. % է, կանխավճարն՝ առնվազն լիզինգի առարկայի արժեքի 20 %-ի չափով, առավելագույն ժամկետը՝ 1 տարի:
Լիզինգի գործողության ողջ ընթացքում լիզինգի առարկաները կգտնվեն երաշխիքային սպասարկման մեջ:
Ըստ կողմերի, համագործակցությունը կնպաստի մեր երկրում գյուղատնտեսության եւ ձեռնարկատիրության զարգացմանը, նաեւ կխթանի չրերի արտահանումը:
«Սուրեն-Անի» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Գալստյանի ներկայացմամբ, նախատեսված են չորանոցների երեք մոդել` 550 կիլոգրամանոց, 750 եւ 950 կիլոգրամանոց, որոնք նախատեսված են մրգերի համար:
Սուրեն Գալստյանն ասաց, որ անցյալ տարի պայմանագիր են կնքել Վրաստանի մի շարք կազմակերպությունների հետ, այս պահին քննարկում են Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության ընկերությունների հետ համագործակցության հարցը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ