Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը: Դատավորը պետք է ընթերցեր, թե ինչ է որոշել՝ նիստին չներկայացած փաստաբանների առնչությամբ, սակայն հայտարարեց՝ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը ջրի շշով է ներկայացել, ինչն արգելված է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրան խնդրեց եւ պահանջեց, որպեսզի շիշը հանձնի ոստիկանին: Եղնուկյանը չհամաձայնեց. «Ես մեկ տարի է՝ այս շշով եմ գնում դատերի, այն միշտ ինձ հետ է»:
Դատավորը շեշտեց, որ նիստերի դահլիճում արդեն ջրի ապարատ է տեղադրված, սակայն Եղնուկյանն ասաց, որ իր մոտինը թորած ջուր է, որը նրան ընտանիքի անդամներն են բերում: Դատավորը պնդեց, որ նախորդ նիստերում ինքն այդ շիշը չի տեսել, եւ իր պահանջը չկատարելու համար Եղնուկյանի հանդեպ սանկցիա կիրառեց՝ հեռացնել նիստերից 10 ժամով:
Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի նյարդերը տեղի տվեցին: «Դուք ակնհայտ ապօրինի որոշում կայացրիք, դուք մանկապարտեզի եք վերածել նիստը, դուք ընդհանրապես դատավոր չեք»,-բղավեց նա:
Նիստը երրորդ անգամ ընդմիջվեց, որպեսզի դատավորը որոշում կայացնի Հայրապետյանի հանդեպ սանկցիա կիրառելու առնչությամբ: Փաստաբանը բարկացավ ու հայտարարեց, որ հեռանում է դատարանից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ