Հուլիսի 20-ին ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսական ակտիվության ցուցանիշը` ՏԱՑ-ը: Ըստ
պաշտոնական տվյալների` այս տարվա հունվար-հունիսին գյուղատնտեսությունն անկում է գրանցել 1,4%-ով:
Այսօր Aravot.am-ը գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հարցրեց, թե ինչո՞ւ է այս պիկ սեզոնին գյուղատնտեսությունն անկում ունեցել:
«Այս տարի գյուղատնտեսական տարին 10-15 օրով հետ ընկած էր: Եվ երկրորդ` կարկտահարության դեպքեր գրանցվեցին, դա էր հիմնական խնդիրը»,-պարզաբանեց պարոն Մակարյանը:
Փոխնախարարից նաեւ հետաքրքրվեցինք, թե արդեն պատկերացում ունե՞ն որքան խաղողի բերք է սպասվում եւ արդյոք մթերողներն ի վիճակի կլինե՞ն այդ ծավալներն ընդունել, թե խաղողագործները կրկին ստիպված են լինելու ճանապարհները փակելու գնով այն իրացնել:
Ռոբերտ Մակարյանի խոսքով, այս պահին գյուղնախարարությունը իրականացնում է բերքի ծավալների մոնիտորինգ եւ մոնիտորինգ` վերամշակողները որքան են պատրաստ ընդունելու, վերամշակելու. «Այսօրվա դրությամբ խաղողի արտադրության ծավալները համապատասխանում են մթերման ծավալներին: Այսօրվա դրությամբ մենք խնդիր չենք տեսնում: Մինչեւ սեպտեմբեր գործարանների հետ անընդհատ ճշգրտում ենք, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք պայմանագիր չունեն գյուղացիական տնտեսությունների հետ, մթերում իրականացնեն»:
Մանրամասները` տեսանյութում
Ռոբերտ Մակարյանի տվյալներով, այս տարի արդեն 10 հազար 500 տոննա պտուղ-բանջարեղեն է մթերվել, որից 3700 տոննան` ծիրան: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մթերված պտուղ-բանջարեղենը 7100 տոննա է եղել:
65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն արտահանվել է հուլիսի 26-ի դրությամբ, որից 26 հազար տոննան` ծիրան: Պարոն Մակարյանն ասաց, որ երկու անգամ ավել են եղել արտահանվող ելակի ցուցանիշները: Հայկական բարիքները հիմնականում արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ:
Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ գյուղացիներին տրվող վարկերը չեն գերազանցելու 5 տոկոսը, իսկ սահմանամերձ շրջանների գյուղացիական տնտեսություններին 3 տոկոսով են վարկեր տրամադրվելու: Այս պահի դրությամբ գյուղվարկերի պորտֆելը կազմում է 7,5 միլիարդ դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ