2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստն այսօր սկսվելուն պես ընդմիջվեց, քանի որ ամբաստանյալներին դեռ չէին բերել դատարան:
Այնուհետեւ նիստը վերսկսվեց՝ առանց ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ ամբաստանյալների պաշտպաններից մի քանիսը ներկա չեն:
Նրանք, այդ թվում՝ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Հայկ Ալումյանը, կրկին նույն խնդրով գրություն էին ուղարկել դատավորին՝ նշելով, որ դատարանի կարգադրիչները ոչ թե զննում են իրենց, այլ խուզարկում: Նույն դժգոհությունը ներկայացրին նաեւ նիստերի դահլիճում գտնվող փաստաբանները: Դատավորը բարկացավ՝ ասելով, որ արդեն վեցերորդ նիստն է՝ նույն բանն են ասում եւ սայլը տեղից չի շարժվում:
«Ամեն անգամ նույնն եք ասում: Հիմա ամբաստանյալներն ի՞նչ մեղք ունեն, որ իրենց բերում են ՔԿՀ-ից, իսկ պաշտպանները չկան: Էլի եմ ասում՝ դա դատավորի կարգավորելու հարցը չէ, կարգադրիչները ղեկավարվում են օրենքով»,-դժգոհեց Արտուշ Գաբրիելյանը:
Փաստաբանները չհամաձայնեցին, նիստերի դահլիճում կրկին լեզվակռիվ եղավ նրանց ու դատավորի միջեւ: Արտուշ Գաբրիելյանն արդեն երկրորդ անգամ ընդմիջեց նիստը՝ բացակա փաստաբանների հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:
Ի դեպ, դատարանում այսօր փոփոխություններ էին արվել: Ապակե պատնեշի դիմաց, որից այս կողմ գտնվում են լրագրողներն ու քաղաքացիները, նստարաններ էին տեղադրված՝ դատական կարգադրիչների համար: Դրանք դատարանի նախասրահից բերված նստարաններն են, ուտի նախասրահում այլեւս ոչ բոլորը կարող են ընդմիջումներին նստած սպասել:
Դահլիճի ապակե պատնեշից այն կողմ էլ արդեն ջուր խմելու սարք կար:
Ամբաստանյալներին ուղեկցող ոստիկաններն էլ, ի տարբերություն նախորդ նիստերի, նստում էին նրանց կողքին՝ չփակելով քաղաքացիների եւ լրագրողների տեսադաշտը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ