Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի տեղեկատվական գրասենյակը` զբոսաշրջային հոսքերի մոտ

Հուլիս 26,2017 11:55

Հուլիսի 1-ից Սևանի թերակղզում հյուրերին և զբոսաշրջիկներին կրկին դիմավորում է «Bari galust» ցուցանակը կրող տեղեկատվական գրասենյակը:

Տեղեկատվական շարժական գրասենյակը թերակղզու հրապարակում գործում է արդեն 3-րդ տարին` ամռան ամիսներին սպասարկելով տեղեկատվության կարիք ունեցող բազմազգ այցելուներին:

Կարեւորելով տեղական զբոսաշրջության առաջարկների զարգացումը եւ որակի բարելավումը, Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, տարիներ առաջ ստեղծվել է զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակը:

«Անցած տարիների ընթացքում գրասենյակը զարգացում ապրեց համակարգման, աշխատակիցների վերապատրաստման, ընդունելության որակի բարելավման առումներով: Սակայն մեկ կարևոր բաց միշտ էլ զգացնել է տվել. գտնվելով քաղաքում` քաղաքապետարանի վարչական շենքի 1-ին հարկում, տուրիստական գրասենյակը հեռու է գտնվել տուրիստական հոսքերից, զբոսաշրջիկների մի ստվար մաս շրջանցել է քաղաքը: Արդյունքում` գրասենյակ այցելողների թիվը չի արտացոլել իրական վիճակագրությունը,- ներկայացնում է զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը:

Վերջինս հավելում է, որ ունենալով այս իրավիճակը` հնարավոր չի եղել ունենալ սեզոնային ողջ պատկերն եւ հեռահար ծրագրեր մշակել հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

Հաշվի առնելով սա, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Սևանի թերակղզին տարածաշրջանի այն վայրն է, որի շուրջ լողափեր են, այստեղ են գտնվում Սևանավանքը, հանգստի գոտիները, ժամանցի վայրերը, դեռեւս 2011թ-ին Գրենոբլի քաղաքապետարանում քննարկվել է տեղեկատվական գրասենյակի գտնվելու վայրի հարցը: Ֆրանսիական Աֆրատ կազմակերպությունը նույն թվականին ուսումնասիրել է զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակը տուրիստական հոսքերին մոտ տեղափոխելու խնդիրը:

2015թ. թերակղզում կայանեց զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակը, որը Սևան էր բերվել Գրենոբլից: Գրասենյակի շարժական լինելն էլ տալու էր առավելություն բազմապիսի միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաեւ ձմռան ամիսներին այն պահպանելու համար:

Զբոսաշրջային գործի պատասխանատու Դավիթ Թորոսյանը ներկայացնում է գրասենյակի հիմնական գործառույթները· տուրիստների ընդունելություն, որը ներառում է տեղեկատվություն տրամադրելու, ուղղորդելու, տարածաշրջանը գովազդելու, ինչպես նաեւ տարածաշրջանի վերաբերյալ ինֆորմացիա հաղորդելու` ժամանցի կազմակերպման ձևեր, միջոցառումներ, տեսարժան վայրեր, գիշերակաց, սննդի կետեր եւ այլ բաղադրիչներ: Զուգահեռ իրականացնելու է հեռախոսային եւ էլեկտրոնային ընդունելություն, աշխատանք մասնագիտացված կառույցների հետ, միջոցառումների կազմակերպում, որը նպատակ ունի գրավելու միջազգային եւ տեղական զբոսաշրջիկներին: Միաժամանակ վաճառվում է տարածաշրջանային տնայնագործական պայմաններում արտադրված գյուղմթերք, ձեռքի աշխատանք, տարածաշրջանը ներկայացնող ապրանքատեսակներ:

Գրասենյակը գործում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին` պայմանավորված Սևանում տուրիզմի սեզոնայնությամբ: Գրասենյակը տարածքին ծանոթանալու նպատակով ցանկացողներին տրամադրում է նաև ուղեկցողներ, որոնք Սևան պետական քոլեջի հյուրանոցային բաժնի ուսանողներ են կամավորական հիմունքներով աշխատում են գրասենյակում:

Շարժական տեղեկատվական գրասենյակի աշխատակիցների աշխատանքային օրը ծանրաբեռնված է և բազմաշերտ, որը չի ընդգրկում միայն տարածաշրջանը: Այստեղ պատրաստակամ են ներկայացնելու ողջ Հայաստանը` զբոսաշրջային գրավչություններով, ինչպես նաև տրամադրելու համապատասխան բրոշյուրներ, քարտեզներ:

Սևանում զբոսաշրջային գործի պատասխանատու Դավիթ Թորոսյանը ներկայացնում է նաև զբոսաշրջիկների վերաբերյալ թվային վիճակագրություն: Համաձայն դրա` հուլիսի 1-20-ը Հայաստան, մասնավորապես` թերակղզի է այցելել և գրասենյակի ծառայություններից օգտվել ԱՊՀ երկրներից /հիմնականում` ՌԴ-ից/ 32, Ֆրանսիայից` 28, Լեհաստանից` 39, Գերմանիայից` 24, ԱՄՆ-ից` 33, Իրանից` 59, այլ երկրներից` 37 զբոսաշրջիկ:

56 հայեր ևս /արտերկրից ժամանած և Հայաստանից/ տեղեկատվական գրասենյակում ստացել են համապատասխան ինֆորմացիա:

Զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակը համագործակցում է հանրապետության նմանատիպ մյուս գրասենյակների հետ, իսկ առաջիկայում պատրաստվում է հեղինակել նաև միջոցառումներ ու փառատոններ:

 

ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31