«Հրապարակի» տեղեկություններով, ապացույցների թվում բազմաթիվ ձայնագրություններ կան, որոնք կատարել է Արթուր Վարդանյանը։ Փաստաբան Պողոսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ առանց կոնկրետացնելու, թե ինչ ձայնագրությունների մասին է խոսքը։ «Ապացույցների հետազոտման փուլում մենք դրան կանդրադառնանք»։
«Ես միշտ եմ ասել, որ սա շինծու քրգործ է, Արթուր Վարդանյանին, որպես նեկտար, գցել են ժողովրդի մեջ, որ «մեղուներին» հավաքեն, մի քանի քաղաքական հակառակորդների էլ կալանավորել են, որ, իբր, իշխանությունը պետք է յուրացնեին։ Բա խեղկատակություն չէ՞, որ մեղադրական եզրակացության մեջ, օրինակ, գրել են, որ 20 հոգով պետք է գնային՝ հեռուստաաշտարակը գրավեին, բայց ովքե՞ր են այդ 20 հոգին, գրված չէ»,- եզրակացնում է Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը։ Նրա պաշտպանյալին մեղսագրվում է, որ նա 2015թ. մայիսից հետո անձնապես ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, ստանձնել է մասնակցել նրա ղեկավարած հանցավոր համագործակցությանը՝ մեծ թվով պայթուցիկ է ձեռք բերել, նպատակ ունենալով զավթել իշխանությունը։ Մինչդեռ, ըստ փաստաբանի, Գառնիկ Մարգարյանը նույնիսկ դուրս է հրավիրել Արթուրին Եղվարդի իր առանձնատնից, ասելով՝ հոկտեմբերի քսանյո՞թ եք ուզում սարքել։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում