ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. «Հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Փրկարարները 1965 թ. ծնված Մ. Ս.-ի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»:
ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, խոսքը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանի մասին է, որին որպես անհայտ կորած որոնում էին արդեն 2 օր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ: Փրկարարները սպանվածի դին մեծ դժվարությամբ դրեցին հատուկ դիապարկի մեջ և այն տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենա:
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ