Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի մանրամասներ չհորինվեն

Հուլիս 26,2017 10:00

Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը եւ Ալիեւը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա: Ուրեմն մեր որեւէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիեւի հետ, կամ ծայրահեղ դեպքում` այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում են, որ կարող են այդ իրենց պատմածները վերաշարադրել հոդվածի տեսքով: Հասկանալի է, որ այդ երկրների հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ են առաջացել` վերջին վկայություններից մեկը, կարծում եմ, Վրաստանում ռուսաստանյան զինված ուժերի կողմից Բաքու-Սուփսա նավթատարի «գրավումն» է: Բայց դրանց մասին կարելի է խոսել միայն երեւացող փաստերի, այսինքն` հետեւանքների վրա հիմնվելով, ինչպես եւ անում են պրոֆեսիոնալները (նկատի ունեմ BBC-ի հրապարակումը), եւ ոչ թե սուրճ նայող տատիկի նման ենթադրություններ անել, թե ով ում ականջին ինչ է քչփչացել:

Դե, եթե հայաստանյան կայքերը գիտեն, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Ալիեւը, ուրեմն հաստատ կիմանան, թե որն էր, ասենք, Հայաստանի նախագահի եւ վարչապետի զրույցի թեման: Եվ այստեղ արդեն ոչ միայն թեման գիտեն, այլեւ զրուցակիցների ձայների ելեւէջները, ով որ պահին է ոտքի կանգնել եւ ինչ հայացք է նետել դիմացինի ուղղությամբ: Մարդիկ մտածում են` եթե այդ մանրամասներով գիտեն գաղտնի հանդիպումների մասին, ուրեմն նրանց գրածները ճիշտ են: Միամիտ ընթերցողներն ու օգտատերերը չեն կարող ենթադրել, որ այդ մանրամասները նույնպես կարելի է հորինել:

Իհարկե, դրան նպաստում է իշխանությունների (ոչ միայն մեր) անիմաստ գաղտնապահությունը: Բերեմ մի շատ հին օրինակ: 1993 թվականին ես նախագահական նստավայրում դեմ առ դեմ հանդիպեցի եւ բարեւեցի Ռուսաստաի պաշտպանության նախարար Պավել Գրաչովին: Վերադառնում եմ իմ սենյակ, լրագրողները սկսում են զանգել եւ հարցեր տալ` ճի՞շտ է արդյոք, որ Գրաչովը Հայաստանում է: Ճշտեցի, որ պիտի պատասխանեմ, թե դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ` այդպես էլ վարվեցի: Բայց թաքցնել, որ այդ կարգի բարձր պաշտոնյան գտնվում է մեր երկրում, հնարավոր չէր, եւ իմ, մեղմ ասած, խուսափողական պատասխանը տեղիք տվեց զանազան ենթադրությունների ու, բնականաբար, «հնարած մանրամասների»: Հաշվի առեք` ճշմարտությունը հնարավոր չէր թաքցնել նույնիսկ այն ժամանակ, երբ չկար համացանցը, չկար ամեն տեղից ուղիղ եթեր տալու հնարավորությունը, չկային սոցիալական ցանցերը: Էլ ի՞նչ ասենք այսօրվա մասին:
Բավարարել հասարակական հետաքրքրությունը եւ, միեւնույն ժամանակ, իհարկե, չբացահայտել պետական գաղտնիքները` դա պատրաստվածության, պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակ է պահանջում, ինչպես նաեւ հնարավորինս թափանցիկ աշխատելու պատրաստակամություն: Նույնիսկ ազատ երկրներում է զգացվում դրա պակասը: Թրամփի վարչակազմը դրա վառ օրինակն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Բաքու-Սուփսա նավթատարի (այլ ոչ թե գազատարը, հոդվածում շփոթել եք) այդ հատվածը (1,5 կմ), որի մասին խոսում են, անցել է ռուսների վերահսկողության վրա դեռ տարիներ առաջ՝ 2008 թվականին: https://ru.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B5%D1%84%D1%82%D0%B5%D0%BF%D1%80%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B4_%D0%91%D0%B0%D0%BA%D1%83_%E2%80%94_%D0%A1%D1%83%D0%BF%D1%81%D0%B0
    Ինչ-որ անհասկանալի աղմուկ է բարձրացվել այս քանի օրը ԶԼՄ-ներում, այդ թեմայով, իսկ մանրամասների մեջ ոչ մեկ չի խորանում: Մենակ անհասկանալի լուրը տարածում են ու վերջ:

  2. joradzadza says:

    Թրամփի վարչակազմին անցումը քեֆս բերեց: Այ ելևէջ եմ ասել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31