Ասում է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը
Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Արցախի նախագահ ընտրեց գործող նախագահ Բակո Սահակյանին: Վերջինս արդեն երրորդ անգամ էր առաջադրվում, եւ նրա ընդդիմախոսները հայտարարում էին, որ նրա պաշտոնավարումը կարող է բիծ քաշել Արցախի կերպարի վրա:
Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր ընտրական համակարգը Արցախի ժողովրդի, քաղաքական ուժերի իմաստության արդյունքն է. «Ընտրությունների այս ձեւաչափն ընտրվել է քաղաքական ուժերի կողմից, եւ տեսնելով այս տարիների աշխատանքը, որ կատարվել է Բակո Սահակյանի երկու նախագահական ժամանակահատվածում, եւ այն տանդեմը, որ իրենք վարչապետ Արա Հարությունյանի հետ այս տասը տարիների ժամանակահատվածում իրագործել են, գրանցել են միջինացված 9 տոկոս տնտեսական աճ: Քաղաքական ուժերը ե՛ւ պահանջով, ե՛ւ խնդրանքով ներկայացել են, որ այս տանդեմը այս անցումային ժամանակահատվածում շարունակվի: Մենք ցանկանում ենք, որ այս համախմբված աշխատանքները շարունակվեն ի շահ Արցախի, ի փառս մեր ժողովրդի մենք առաջընթաց գրանցենք»:
Նախագահի մյուս թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասել էր, որ Բակո Սահակյանի ընտրությունը որեւէ դրական հետեւանք չի կարող ունենալ. «Առնվազն մենք մեր թշնամիների մակարդակին իջանք»: Պարոն Հյուսնունցին խնդրեցինք անդրադառնալ այս տեսակետին:
«Ճիշտն ասած, նման խիստ արտահայտությունները հարիր չեն արցախցու էությանը: Եվ ես կարծում եմ, որ չափազանցություն է, որովհետեւ այդպիսի վտանգ գոյություն չունի, որովհետեւ ճանաչելով մեր նախագահին՝ մենք ենք իրեն լավ առումով ստիպել, խնդրել, պահանջել, որպեսզի նա այս երեք տարիների ծանր լուծը շարունակի իրագործել, իսկ ընթացքն արդեն ցույց կտա, թե մենք մեր քաղաքական շարունակականությունը ինչպես կապահովենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ի սկզբանե իրենք կողմ են եղել կառավարման խորհրդարանական համակարգին, բայց ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ պետք է ավելի արագ որոշումներ կայացնել եւ ավելի կազմակերպված հիերարխիայով գնալ առաջ, այդ պատճառով նրանք ընտրեցին անցում կատարել դեպի նախագահական համակարգ:
Անդրադառնալով ընդդիմախոսների մյուս մտահոգությանը, որ Բակո Սահակյանը կարող է առաջադրվել նաեւ չորրորդ անգամ՝ 2020 թվականին, Ռուդիկ Հյուսնունցն ասաց. «Անկեղծ ասած, եթե դուք մտածում եք, որ Բակո Սահակյանին չեն մտահոգում Արցախի ժողովրդավարության խնդիրները, ապա սխալվում եք: Ժամանակը ցույց կտա, որ մեր ժողովուրդը՝ նախագահի գլխավորությամբ, ավելի խոհեմ, ավելի գեղեցիկ, ավելի ճիշտ ճանապարհ կընտրի»:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
25.07.2017