Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակենդանացման բաժանմունքում անվտանգության աշխատակիցները՝ թվով 6-7 ոստիկաններ, կանչով հիվանդանոց տարվածին ծեծել էին

Հուլիս 26,2017 15:30

Հարություն Մկրտչյանը 2014 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերը ալկոհոլ օգտագործելուց հետո վատ է զգում: Զանգում է ընկերոջը՝ Արգիշտի Գոմցյանին՝ խնդրում օգնություն: Արգիշտին գալիս է, ապա շտապօգնության մեքենան եւ Հարությունին տեղափոխում են «Արմենիա» հիվանդանոց: Հարությունն անգիտակից վիճակում էր, եւ ինչպես մեր նախորդ հրապարակումներում ենք տեղեկացրել, նա ոչինչ չի հիշել: Նրան տեղափոխում են անմիջապես վերակենդանացման բաժանմունք, միացնում են կաթիլայինը: Այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատանում է, նա փորձում է դուրս գալ այդտեղից եւ իջնելով պատգարակի վրայից, ձեռքից հանում է կաթիլայինի ռետինե խողովակը: Մեղադրանքի կողմը արձանագրել էր, թե նա կաթիլայինի ձողով հարվածել է աղմուկից բաժանմունք հասած անվտանգության աշխատակցին:

Ըստ Հարությունի՝ «հնարավոր է, որ կաթիլայինի երկաթյա ձողը պատահաբար դիպած լինի անվտանգության աշխատակցի իրանին»: Հայտնել էր, որ վերակենդանացման բաժանմունքում անվտանգության աշխատակիցները՝ թվով 6-7 ոստիկաններ, իրեն քաշքշել, հարվածել են, գցել են հատակին, ծեծի են ենթարկել, ապա ձեռնաշղթաներ անցկացնելով նրա ձեռքերին՝ տեղափոխել են ոստիկանության բաժին:
Ոստիկանության բաժնում նույնպես ծեծը շարունակվել է, որտեղ այնքան է վատացել, որ շտապբուժօգնության մեքենայով կրկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մնացել է 1 օր:

9 հատորանոց քրեական գործի դատաքննությունն ավարտվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Վարդան Աբրահամյանի դատավճռով Հարություն Մկրտչյանը դատապարտվել էր 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Նրա պատժի կրման սկիզբը, ըստ դատարանի, 2014 թվականի սեպտեմբերի 26-ից է:

Իսկ երկրորդ ամբաստանյալին՝ Արգիշտի Գոմցյանին դատարանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգության համար եւ դատապարտել էր 500.000 դրամի չափով: Հիշեցնեմ, որ Հարությունը կալանավորված է, իսկ Արգիշտիի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրվել էր գրավը:

Այս գործով տուժող էր ճանաչվել յոթ անձ, որոնք ամբաստանյալներ Հարություն Մկրտչյանի եւ Արգիշտի Գոմցյանի նկատմամբ քաղաքացիական հայց չեն ներկայացրել:
Այս դատավճռից հետո վերաքննիչ բողոք բերեց դատախազ Ռ. Երիցյանը: Քրեական գործով փետրվարի 15-ի դատավճիռը ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել էր ուշացումով՝ փետրվարի 23-ին, ինչն առիթ էր դարձել բողոք բերելու ժամկետը բաց թողնելու: Դատախազը դիմել էր վերաքննիչ դատարան, որպեսզի հարգելի համարվի իր կողմից ժամկետ բաց թողնելը:

Դատախազը պահանջել է բեկանել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Արգիշտի Գոմցյանի վերաբերյալ նշանակված պատժի մասով եւ նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկման ձեւով, իսկ Հարություն Մկրտչյանին նշանակել համաչափ պատիժ: Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 8-ին է նշանակել բողոքի քննությունը: Դատարանում մեկ նիստ է տեղի ունեցել, մեկ անգամ նիստը տեղի չի ունեցել ամբաստանյալ Հարություն Մկրտչյանին դատարան չբերելու, մեկ անգամ էլ՝ պաշտպանի բացակայության պատճառով: Առաջին ատյանի դատարանը դատավճիռը կայացնելիս արձանագրել էր, որ «Համաձայն ուսման վայրի տնօրենի կողմից եւ հարեւանների կողմից տրված բնութագրերի՝ Հարություն Մկրտչյանը բնութագրվում է դրական»: Իսկ մասնագիտությամբ դիզայներ Արգիշտի Գոմցյանի մոտ առկա է ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիայի չափավոր խանգարում: Ֆիզիկապես վատառողջ է: Նրա համար դրական բնութագիր են տվել համատիրության նախագահն ու «Երկրապահ կամավորականների միության» Արմավիրի տարածքային բաժանմունքը: Անցյալ տարվա ապրիլի 6-ին տրված ԵԿՄ տեղեկանքի համաձայն, Արգիշտին անորոշ ժամկետով կամավոր հիմունքներով «Սեւ Հովազ» ջոկատի կազմով մեկնել է ԼՂՀ սահմանների պաշտպանությանը: Այնտեղ գտնվել է մինչեւ ապրիլի 29-ը, իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի շնորհակալական խոսքի պատճենի համաձայն էլ, Արգիշտի Գոմցյանը ստացել էր շնորհակալագիր՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանությանը մասնակցություն ունենալու համար:

Հարությունը դատարանում նկարագրել էր իր վիճակը. հիվանդանոց տարվելիս ամբողջությամբ եղել է արյան մեջ, կապտուկներ են եղել քթի եւ աչքերի հատվածում, վնասվածքներ է ունեցել, որոնք արձանագրվել են ձերբակալվածների պահման վայրի եւ քրեակատարողական հիմնարկի ընդունարանի գրանցման մատյաններում. «Ոստիկանության հերթապահ մասում որեւէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել»: Իսկ երբ նրան հիվանդանոց են տարել՝ դատաբժշկի մոտ, վերջինս էլ ուղարկել է փորձաքննության: Փորձաքննության են ենթարկել 2 ամիս անց:
Մեղադրական եզրակացության համաձայն էլ, Հարությունը կոտրել էր ոստիկաններից մեկի ծնոտը, հիվանդանոցի թթվածնի գլանանոթն է նետել, ինչը, սակայն, Հարությունը չի ընդունում, ասելով, թե դա չի համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է նման ցուցմունքներին, որն առկա էր գործի նյութերում, Հարությունն ասել էր, թե՝ «իր կարծիքով քննիչների թելադրանքով են տուժողները նման ցուցմունքներ տվել»: Կանչով հիվանդանոց տարվածը հայտնել էր, թե իրեն օգնություն ցույց տալու փոխարեն ծեծի են ենթարկել, իսկ թե որն է եղել պատճառը, հայտնի չէ:
Եվ առհասարակ, չէր կարող որեւէ մեկին հարվածել, քանի որ անգիտակից վիճակում է գտնվել:

Ի դեպ, հիվանդանոցում իրեն հետազոտել են, կատարել են կրծքավանդակի շրջանում ռենտգեն լուսանկարահանում, սակայն արդյունքների մասին իրեն տեղյակ չեն պահել, իսկ ավելի ուշ տեղեկացել է, եւ այդ մասին դատական գործընթացների ժամանակ բարձրաձայնեց անգամ նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը, որ ռենտգեն լուսանկարներն անհետացել են:

Երկրորդ ամբաստանյալը՝ Արգիշտի Գոմցյանը, հայտնել էր, թե իր ընկերը՝ Հարությունը, զանգել է իրեն եւ ասել, որ վատ է զգում: Հարությունը Թումանյան փողոցում գտնվող եկեղեցու բակում էր: Անմիջապես գնացել է այնտեղ, ժամը 23:30-ի սահմաններում: Հասել է տարածք, եւ քանի որ վիճակը վատ էր, այդտեղ գտնվող ոստիկանները շտապ բուժօգնություն են կանչել, ինքն անձամբ է Հարությունին պառկեցրել պատգարակին եւ նրան տեղափոխել են շտապօգնության մեքենան: Հիվանդանոցի ընդունարանից Հարությունին տեղափոխել էին սուր թունավորումների բաժանմունք: Այնտեղից Արգիշտիին դուրս են հրավիրել: Ըստ Արգիշտիի, 5 րոպե անց լսել է օգնության ձայներ եւ մոտենալով՝ նկատել է, որ Հարությունը գետնին է պառկած, անգիտակից է, կիսամերկ վիճակում: Այդ ժամանակ ներս են մտնել ոստիկանները: Հարություն Մկրտչյանը վազել է դեպի դուրս, սակայն ոստիկանության աշխատակիցները փորձել են թույլ չտալ նրան դուրս գալ եւ սկսել են հարվածել: Ընկերը փորձել է օգնել, սակայն նույնպես հարվածներ է ստացել: Նրան նույնպես տեղափոխել են խուց, եղել է ձեռնաշղթայով:
Արգիշտին դատարանում շեշտել էր ընկերոջ նկատմամբ բժիշկների վատ վերաբերմունքը, այն, որ բժիշկները նրան օգնություն չեն ցուցաբերել:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31