Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվանից հետո նոր իրավիճակ է ստեղծվել կինեմատոգրաֆիստների ընտանիքում:
Բանն այն է, որ կինեմատոգրաֆիստների միության անդամներից շատերը սպասում են, որ առաջիկայում պետք է գումարվի կինեմատոգրաֆիստների միության համագումար, որն էլ պետք է վճռի միության նոր նախագահի հարցը: Սակայն տեղեկություններ կան, որ կինեմատոգրաֆիստների միության ներկայիս ղեկավարությունը հակված է սեպտեմբերին գումարել վարչության փակ նիստ եւ Ռուբեն Գեւորգյանցի որդուն՝ Վահե Գեւորգյանցին նշանակել միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ հետաձգելով միության համագումարը մեկ տարի ժամանակով:
Կինոգործիչներն այն մտավախությունն ունեն, որ այդ որոշումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի կինոմիության նախագահի պաշտոնը հորից ժառանգաբար փոխանցվի որդուն: Եթե Վահե Գեւորգյանցը մեկ տարի կատարի միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, մեկ տարի անց համագումարում ընդամենը հարկ կլինի վավերացնել նրա պաշտոնը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս տակտիկան, որը մշակվել է կինոմիության ներկայիս փաստացի ղեկավարի՝ միության քարտուղար Ռուդոլֆ Վաթինյանի եւ Ռուբեն Գեւորգյանցի ընտանիքի կողմից, այնքան էլ չի բավարարում կինեմատոգրաֆիստների միության շատ անդամների:
Ի դեպ, Ռուդոլֆ Վաթինյանը միանձնյա որոշումներ կայացնելու հարցում, կարծես թե խնդիրներ չունի: Տեղեկություններ կային նաեւ, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերից մեկը տապալելու որոշումը, որն անհարկի տհաճ աղմուկ բարձրացրեց փառատոնի շուրջ՝ հարվածելով փառատոնի վարկին, նույնպես միանձնյա էր կայացվել: «Առավոտը» փորձեց այդ կապակցությամբ զրուցել կինեմատոգրաֆիստների միության վարչության մի քանի անդամների հետ, սակայն պարզվեց, որ նրանք տեղյակ չէին միության կայացրած որոշումից, ինչն էլ հուշում է այն մասին, որ որոշումը կայացվել է միանձնյա: Վարչության անդամներն այդ որոշման օգտին չեն քվեարկել:
Առաջիկայում մենք կփորձենք կինոմիության շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել միության ղեկավարության, վարչության անդամների, կինոյի մարդկանց հետ:
Մինչ այդ նշենք մի քանի հետաքրքիր փաստ. կինեմատոգրաֆիստների միության վերջին համագումարի՝ 2013 թվականի տվյալներով, կինոմիությունն ունի 193 անդամ, որոնցից քսանից ավելի անդամ հրաժեշտ է տվել կյանքին, շուրջ քսան կինեմատոգրաֆիստ էլ տեղափոխվել է Հայաստանի սահմաններից դուրս: Այս տարիներին կինեմատոգրաֆիստների միության անդամների (բացառությամբ 8 անդամի) համաձայնությամբ վաճառվել է կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տունը, որը հնարավորություն է տվել օգնություն ցուցաբերել միության անդամների սոցիալական, առողջապահական կարիքներին: Ամսական 10 հոգի անվճար օգտվել է վաճառված Դիլիջանի ստեղծագործական տան վերանորոգված սենյակներից:
Կինոյի տունն էլ այսօր, ըստ էության, չի գործում, փակ է կինոյի տան մեծ դահլիճը, փոքր դահլիճը տրամադրված է Հ. Մալյանի անվան թատրոնին, կինոյի տան տեղում երկու հսկա բարձրահարկեր են: Կինոյի տան մասնակի վաճառքի գումարները կրկին օգտագործվել են կինեմատոգրաֆիստների միության անդամների սոցիալական կարիքները հոգալուն:
ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ»
25.07.2017