Լրահոս
Օրվա լրահոսը

Զոքանչների համար մեկ է` իրենց աղջիկն ինչ սեռի երեխա կունենա

Հուլիս 26,2017 16:00

Հայաստանում, մասնավորապես մարզերում շարունակում են նախապատվությունը տալ տղա երեխաներին

Գյուղական բնակավայրերում տղա երեխային նախապատվություն տվող ընտանիքները եռապատիկ ավելի են աղջիկ երեխաներին նախապատվություն տվողներից, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այս հարաբերակցությունը կրկնապատիկ է: Այս մասին պարզել են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի մասնագետները, որոնք իրենց ուսումնասիրության արդյունքները զետեղել են «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» խորագրով զեկույցում: Ըստ նույն աղբյուրի՝ տղա երեխաներին ավելի շատ նախապատվություն են տալիս Արմավիրի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում: Աղջիկ երեխայի նախապատվությունն ամենաբարձրն է Սյունիքում, Տավուշում եւ Արմավիրում: Երեխայի սեռի որեւէ նախապատվություն չունեցողների առումով առաջատարը Լոռու մարզն է, որին հետեւում են Երեւանը եւ Գեղարքունիքի մարզը, մինչդեռ երեխայի այս կամ այն սեռին նախապատվություն տվողների կշիռն ավելի բարձր է Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: Ըստ զեկույցի հեղինակների՝ ի վերջո, տղաներին եւ աղջիկներին նախապատվություն տվողների ամենամեծ խզումը Արագածոտնի, Վայոց ձորի եւ Լոռու մարզերում է:

Հարցումը կատարվել է հանրապետության տնային տնտեսություններից պատահականության սկզբունքով ընտրված տնային տնտեսություններում բնակվող 15-49 տարեկան երբեւէ հղիացած կանանց շրջանում, որն իրականացվել է 2017 թվականի հունվարին: Հետազոտության նպատակն է պարզել Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, ինչպես նաեւ դրա հիմնական պատճառները, այդ թվում` հիմնախնդրի հասարակական ընկալումները:
Կենտրոնի մասնագետները պարզել են, որ առաջին հղիության ժամանակ տղա երեխա ունենալ ցանկացող կանայք շուրջ երկու անգամ գերազանցում են աղջիկ ցանկացողների թվին: Միաժամանակ հարցվածների կեսը նշել է, որ առաջին հղիության ժամանակ առաջնեկի սեռը չի կարեւորել:

Հայաստանի բոլոր մարզերում էլ գերիշխում է տղա առաջնեկ ունենալու նախապատվությունը: Այս երեւույթն առավել տարածված է Վայոց ձորի, Արարատի, Շիրակի եւ Լոռու մարզերում, մինչդեռ Երեւանի եւ Սյունիքի կանանց մեծամասնությունը առաջին հղիության ժամանակ առաջնեկի սեռը չի կարեւորել:

Ուշագրավ է, որ առաջնեկի սեռը մյուսների համեմատությամբ, օրինակ՝ սկեսուրների, քիչ են կարեւորում կանանց մայրերը, այսպես ասած` զոքանչները. հետազոտությունը պարզել է, որ հարցված զոքանչների 77,5 տոկոսի համար առաջին թոռան սեռն էական չէ:
Ի դեպ, կենտրոնի մասնագետները պարզել են, որ մոր տարիքը եւ կրթական մակարդակը գրեթե ազդեցություն չունեն սեռի նախապատվության հարցում:

Օրինակ` տղա երեխային նախապատվություն տվողներն իրենց տեսակետը հիմնավորում են նրանով, որ տղան տոհմը շարունակողն է, ունեցվածքի ժառանգորդը, հայրենիքի պաշտպանը, ապահովության երաշխավորը, հեղինակություն եւ ուժ է մարմնավորում: Մինչդեռ աղջիկ երեխային նախապատվություն տվողները նշում են, որ աղջիկը ծնողին «հասնող» է, հոգեւոր նեցուկ, տարեց հասակում ծնողի մասին հոգ տանող:
Զեկույցի հեղինակներն այս ամենից եզրակացություն են արել, որ հայաստանյան հասարակության մեջ դեռեւս առկա է երեխայի սեռի հստակ նախապատվության երեւույթը` հօգուտ տղա երեխայի:

Զեկույցի մեկ այլ գլխից տեղեկանում ենք, որ մինչեւ երկու երեխա ունեցող ընտանիքներում 100 աղջկա հաշվով առկա է 122 տղա, մինչդեռ երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներում գերակշռում են աղջիկները` 100 աղջկա հաշվով առկա է 94 տղա:
Զեկույցի հեղինակները ուսումնասիրել են նաեւ նորածինների սեռի բաշխվածությունը քաղաքային եւ գյուղական բնակավայրերում եւ մոր կրթական մակարդակից կախված: Այսպես` քաղաքաբնակ կանանց շրջանում միայն երրորդ ծննդաբերության ժամանակ է նկատվում նորածինների սեռերի հարաբերակցության շեղում: Գյուղական բնակավայրերում առաջին իսկ ծննդաբերությունից նկատվում է հարաբերակցության ակնհայտ շեղում հօգուտ տղաների, եւ երրորդ ծննդաբերության դեպքում շեղումը հասնում է առավելագույնի:

Զեկույցը փաստում է, որ երեխայի սեռը իմանալուց հետո 370 կանանց բացարձակ մեծամասնությունը` 359 կին, շարունակել է հղիությունը, իսկ 3 տոկոսը դիմել է հղիության արհեստական ընդհատման կամ ունեցել է ինքնաբեր վիժում: Կենտրոնի մասնագետները մտահոգիչ են համարում, որ 4 կին հղիությունն ընդհատել է դեղորայքային աբորտի միջոցով տանը՝ առանց բժշկի հսկողության:

Ֆոկուս խմբային քննարկումների բոլոր մասնակիցները նշում են, որ տղա երեխաներին Հայաստանում նախապատվություն են տալիս, մասնավորապես, մարզերում: Որպես երեւույթի հիմնական պատճառ մասնակիցները նշել են ազգային մտածելակերպը. «Տղաներին նախընտրում են անունն ու ազգանունը շարունակելու համար, նաեւ` որ մեծանա գնա արտերկիր` գումար աշխատելու եւ իրենց պահելու համար»: Ֆոկուս խմբերի քննարկումներում նաեւ այսպիսի տեսակետ է եղել. «Պարտադիր է տղա ունենալ, որ ծեր հասակում ծնողներին պահի: Աղջիկներն ամուսնանում` գնում են ուրիշ ընտանիք ու էդ ընտանիքի ծերերին են խնամում»:

Գավառում տղամարդկանց խումբը նշել է` աղջիկն ամուսնացավ` էլ քոնը չի:
Երեւանից կանանց խումբն էլ կարծիք է հայտնել, որ «տղամարդկանց համար մեծ ողբերգություն է, որ իրենց ազգանունը չի շարունակվում աղջիկ ունենալու դեպքում»:
Կանայք համարում են, որ տղաների եւ աղջիկների միջեւ խտրականությունը մեծապես պայմանավորված է ընտանիքի ու մարդու բնույթից: Երեւանում ֆոկուս խմբային քննարկումներից մեկի ժամանակ կանայք տեսակետ են հայտնել, որ եթե ծնողն ունի տարբեր դիրքորոշումներ երեխաների նկատմամբ, ուրեմն խնդիրն իր մեջ է եւ ոչ թե երեխաների սեռի:

Խառը խմբի մասնակիցներն էլ, որտեղ ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք են ընդգրկված եղել, նշել են. «Կանանց համար միեւնույն է` աղջիկ կլինի, թե տղա, քանի որ կարեւորը մայրանալն է»:

Մասնակիցները կարծում են, որ Երեւանում կանայք ավելի շատ են արժեւորվում, քանի որ զարգանալու եւ կայանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն. կարողանում են ստանալ բարձրագույն կրթություն, մասնագիտացում, հետեւաբար ավելի հաջողակ են եւ կայացած: Ֆոկուս խմբի քննարկումների մասնակից կանայք կարծում են, որ «որպես երեխա` աղջիկն ավելի շատ բան է տալիս իր ծնողներին, քան տղա երեխան»:
Երկու սեռի ներկայացուցիչներից բաղկացած խմբի անդամներն էլ նշել են, որ «որպես երեխա` աղջիկն ավելի մեծ արժեք է ծնողների համար, քան տղան»:

Կանանց խումբը նշել է. «Գենետիկորեն գալիս է այն կարծիքը, որ պետք է տղա ունենալ, որպեսզի իրենց տոհմը, ազգանունը շարունակեն, ինչպես նաեւ ծերության ժամանակ իրենց թեկուզ հոգեբանորեն նեցուկ լինեն: Այնինչ վերջին 20 տարիները ցույց են տալիս, որ աղջիկներն ավելի հաճախ են ծնողներին ծերության ժամանակ օգնության հասնում»:

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

25.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31