Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոլդովայում հայերի հանդեպ հարգանքը փոխանցվում է դարերով» (Ֆոտոշարք)

Հուլիս 26,2017 14:30

Մոլդովական օրագիր

Ըստ պատմական տվյալների, հայերը ներկայիս Մոլդովայի տարածքում հաստատվել են միջնադարում: Դեռեւս 1401թ.-ին Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն: Հայերը բնակվել են Սորոկի, Բենդերի, Քիշնեւ, Կաուշանի քաղաքներում, ավելի ուշ՝ 1792 թ.-ին, նրանք հիմնել են Գրիգորիուպոլիսը: Հայերն այս երկրում օգտվել են արտոնություններից, ունեցել ազնվական տիտղոսներ ու բարձր պաշտոններ: Այսօր եւս Մոլդովայի հայ համայնքը բաղկացած է այդ երկրի հարգարժան քաղաքացիներ համարվող հայերից:

«Առավոտը» Քիշնեւում հանդիպեց Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսի հետ: Նրանց հետ կապվեցինք Նունե Մանգասարյանի միջոցով:

Հայկական եկեղեցու ատենապետ Հովհաննես Վարդանյանը 30 տարի է՝ ապրում է Մոլդովայում: Ափսոսում է, որ երկու տարի է, ինչ Քիշնեւի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին չունի հիմնական հոգեւորական: Բոլոր տոներին ու արարողություններին մոլդովահայ համայնքը խնդրում է Եզրաս սրբազանին կամ Մայր աթոռին, որ մի քանի օրով հոգեւորական ուղարկեն:

Հովհաննես Վարդանյանն ասում է, որ տարբեր հաշվարկներով Մոլդովայում ապրող հայերի թիվը 8000-10000 է, ուղիղ կեսը ապրում է Քիշնեւում: Նա նշում է, որ վերջին 5-6 տարվա ընթացքում որոշ հայեր վերադարձել են Հայաստան, բայց շարունակվել է Հայաստանից ու այլ երկրներից հայերի տեղափոխվելը Մոլդովա:

Քիշնեւում 1804թ. հիմնադրված սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոց է գործում: Եկեղեցին աչքի լույսի պես է պահպանվում, այն խնամված այգի ունի, իսկ տարածքում փակցված են լուսանկարներ, որոնք պատմում են Մոլդովայում ապրող հայերի ու Հայաստանի, հայազգի անվանի գործիչների մասին: Ի թիվս այլոց, հպարտությամբ է նշվում հատկապես Մանուկ բեյ Միրզայի անունը, որն, ի դեպ, հիմնել է Հնչեշտ (հետագայում՝ Կոտովսկ) քաղաքը:

Հովհաննես Վարդանյանի հավաստմամբ, այս եկեղեցին հայերը գնել են պետությունից: Նա ասում է, որ սուրբ Աստվածածինը կառուցվել է հենց այն տեղում, որտեղ հին Քիշնեւն է եղել: Մոլդովահայերը հավաստիացնում են, որ համախմբված են եկեղեցու շուրջ: Նշում են, որ Ցեղասպանության 100-ամյակի շրջանակում փորձել են ցուցադրել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, սակայն Մոլդովայում ապրող թյուրքալեզու գագաուզները տապալել են ցուցադրությունը:


Եկեղեցու ատենապետից հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են Մոլոդովայում ապրող հայերը:

Նա ասաց, որ նրանք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնք հարգանք են վայելում: «Օրինակ, Արթուր Պալյանը բժշիկ է, ունենք բիզնեսմեններ, գիտնականներ, ակադեմիկոսներ, ինչպես պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Ալխազովը կամ լուսահոգի Աշոտ Փարսադանյանը, որը Քիշնեւի գյուղատնտեսական ինստիտուտի հիմնադիրներից էր: Այսօրվա վարչապետը եւ շատ այլ պաշտոնյաներ իր ուսանողներն են եղել»,- ասաց մեր զրուցակիցը: Հովհաննես Վարդանյանի խոսքերով, Մոլդովայում հայերի հանդեպ հարգանքը դարերով է փոխանցվում, պատահական չէ, որ Քիշնեւի կենտրոնական փողոցը Հայկական է կոչվում, կամ Յալովենում կա Ռաֆայել Խաչատրյանի անունը կրող փողոց:


Նա նշում է, որ Մոլդովա հայերի հոսք է եղել հատկապես 88-ի երկրաշարժից հետո, մի 5 տարի առաջ էլ Երեւանից էլ են եկել: «Ես 30 տարի է՝ Հայաստանում չեմ ապրում, բայց չեմ սիրում, երբ Հայաստանից Մոլդովա տեղափոխված որեւէ հայ բողոքում է Հայաստանից: Հայեր էլ կան, որ մոլդովուհու հետ են ամուսնացել, բայց իրենց կանանց հետ ծանոթացել են Հունաստանում կամ Ռուսաստանում»:

Արթուր Պալյանը բժշկական գիտությունների դոկտոր է, նա 1992թ.-ից ապրում է Մոլդովայում, ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը, ապա Մոսկվայում ասպիրանտուրան: 3 զավակ ունի, որդին Քիշնեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտն է ավարտել:


Արթուր Պալյանը եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցում հայոց լեզու եւ հայոց պատմյություն է դասավանդում: Ասում է, որ շուրջ 30 երեխա է սովորում այստեղ: Նաեւ հավելում է, որ դեռեւս համայնքի նախկին նախագահ Արթուր Ավանյանի ջանքերով ամեն ինչ արվեց, որ հայկական դպրոցն ապահովվի դասագրքերով:


Մոլդովայի հայ համայնքի նախկին ղեկավար Սերգեյ Օսիպյանը 6 տարի ղեկավարել է Մոլդովայի համայնքը: Փաստում է, որ այսօր տեղի հայ համայնքում Մոլդովայում ծնված հայերը փոքրամասնություն են: Համայնքը ձեւավորվել է 1975թ. եւ դրանից հետո եկածներից: Ժամանակին Կիեւի քաղավիացիայի ինստիտուտն ավարտելուց հետո նա վերադարձել է Մոլդովա, այստեղ էլ տնտեսագիտական ակադեմիայում է սովորել: Սերգեյ Օսիպյանը հենց Հայկական փողոցում ռեստորան ուներ, երեք տարի է՝ այն փակվել է: Մոլդովայի գինիների նրա խանութում գինիները պահվում են Արցախից պատվիրված կաղնու տակառների մեջ` որակ հաղորդելու համար: Սերգեյ Օսիպյանը եւս հայերի անուններ տվեց, որոնք աշխատել կամ աշխատում են տարբեր ոլորտներում, իրենց նպաստ են բերել եւ բերում Մոլդովայի զարգացմանը, օրինակ, հիշատակեց ոստիկանության կոմիսար Ռուսլան Սահակյանի անունը, ասաց, որ դպրոցների ու լիցեյների բազմաթիվ տնօրեններ կան, հիշեց պոլիտեխնիկ ինստիտուտի դեկան Փարսադանյանին, Մոլդովայի գրականության դասականներից Գեորգի Ասակիին (Իսահակյան, 1788-1869), աստղագետ, մաթեմատիկոս եւ քաղաքական գործիչ Սպիրու Խարետին (Խարատյան, 1851-1912):
Հավելենք, որ հայերն այս երկրում, բացի Քիշնեւից, ապրում են Բելց, Խնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի եւ Բենդեր, ինչպես նաեւ Գրիգորիուպոլիս քաղաքներում, իսկ Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Քիշնեւ-Երեւան
Լուսանկարները` հեղինակի

Գլխավոր լուսանկարում` 
Արթուր Պալյանը (ձախից), Սերգեյ Օսիպյանը եւ Հովհաննես Վարդանյանը՝ հայկական եկեղեցու բակում

 

«Առավոտ»

25.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31