Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական պարբերականներն էլ են առաջ մղում արտիստին

Հուլիս 26,2017 14:00

Համոզված է գերմանաբնակ բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանը

«Առավոտը» քանիցս անդրադարձել է մեր երկրում դասական երաժշտարվեստի ոլորտում, այս դեպքում՝ օպերային, դեռեւս բացակայող իմպրեսարիոների խնդրին: Մինչդեռ օպերային երգչի կարիերայի համար անհրաժեշտ են ոչ միայն իմպրեսարիոն, այլեւ մասնագիտական պարբերականները, որոնք մեր երկրում դարձյալ բացակայում են:
Մեզ հետ հանդիպման ժամանակ գերմանաբնակ օպերային բարիտոն Մկրտիչ Բաբաջանյանն (լուսանկարում) ասաց, որ իր կտրուկ վերընթաց կարիերայի համար մեծ նշանակություն ունեցան 2002-03թթ. Գերմանիայում տպագրվող, աշխարհում վաղուց հայտնի մասնագիտական «Opern glass» եւ «Opern Welt» պարբերականներում երաժշտական քննադատների կողմից հրապարակված հոդվածները, մասնավորապես՝ Բոննի օպերային թատրոնում Վերդիի «Օթելլոյում» Յագոյի դերերգից հետո: Իսկ Գերմանիայում առաջին բեմելը կայացել է 1999թ. Կոբլենց քաղաքում Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերային ներկայացման մեջ:

«Բոննում Յագոյի դերերգից հետո անմիջապես հրավիրվեցի Ֆինլանդիա՝ Savonlinna Opera Festival, որտեղ հանդես եկա Ամոնասրոյի դերերգով՝ Վերդիի «Աիդայում», ունենալով այնպիսի խաղընկերներ, ինչպիսիք են տենոր Յոհան Բոտան, որը համարվում է վագներյան եւ պուչինինյան օպերաների տենոր եւ այլն: Ներկայացումից հետո դիրիժորը՝ Պաոլո Օլմին ասաց, որ ինձնով հետաքրքրված է Նյու Յորքից մի իմպրեսարիո: Պարզվեց, որ նա հեղինակավոր Belcanto Global Arts կազմակերպությունից է: Վերջինիս շնորհիվ եմ հասել մինչեւ Վիեննա օպերա եւ Մետրոպոլիտեն: Իսկ հանդիսատեսի թվում էին, առանց չափազանցության, բազմաթիվ իմպրեսարիոներ, այդ թվում այնպիսի հեղինակավոր թատրոններից, ինչպիսիք են Լա Սկալա, Քովեն Գարդեն…Այսօր իմ խաղացանկում է 52 դերերգ, որոնք արդյունք են նաեւ մեծբրիտանական Hayden Rostroun եւ երկու գերմանական կազմակերպությունների հետ համագործակցության: Բեմ եմ բարձրացել նաեւ Հոլանդիայի, Ավստրիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Հոնկոնգի եւ այլ երկրների թատրոններում»,- հայտնեց Մկրտիչ Բաբաջանյանը:

Ճանաչված բարիտոնին հայաստանցի հանդիսատեսը կմտաբերի նաեւ 1997-99թթ. հայաստանյան նրա գործունեությունից, բայց ոչ իբրեւ օպերային երգիչ: Այդ թվականներին Մկրտիչ Բաբաջանյանը Ազգային օպերային թատրոնի դիրիժորներից էր, մենք նրան հիշում ենք Լեոնկավալոյի «Պայացները» ղեկավարելիս, մտաբերում ենք նաեւ իբրեւ օպերային երգիչ միայն Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի տարբեր նախագծերից (18 տարի առաջ արվեստագետը ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես օպերային, սիմֆոնիկ դիրիժոր՝ Էմին Խաչատուրյանի դասարանը եւ ասպիրանտուրան՝ մեծանուն երգչուհի Արաքս Դավթյանի ղեկավարությամբ):

Հայաստանում լայն շրջանակներին անծանոթ է նաեւ երգչի գործունեությունը գեղարվեստի ոլորտում: Նշելով, որ նկարչությունն իրեն օգնում է լիցքաթափվել, հանգստանալ, նա ասաց. «Աշխատում եմ մկրատով եւ թղթով, երեք ցուցահանդես եմ ունեցել Գերմանիայում, Ցեղասպանության 100-ամյակի առթով էլ Շտուտգարդի հայ համայնքին նվիրել եմ մի ստեղծագործություն: Իսկ նախընտրածս արվեստը՝ Scheren schnit, տարածված է եղել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին: Վերջին շրջանում էլ այս ուղղությունը վերածնունդ է ապրում»:

Տեղեկացնենք, որ Մկրտիչ Բաբաջանյանը հրավիրված է կերտելու Սասունցի Դավթի կերպարը Հարո Ստեփանյանի համանուն օպերայում, որի պրեմիերան կկյանա սեպտեմբերի 1-ին, Շուշիի ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում, իսկ 9-ին՝ Ազգային օպերային թատրոնում:

Վերջին անգամ բարիտոնին հանդիպել էինք շուրջ 5 տարի առաջ՝ Ազգային օպերային թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) նախաձեռնած Վերդիի «Ռիգոլետոյում»՝ համանուն դերերգով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Մկրտիչ Բաբաջանյանը Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Վերդիի «Օթելլոն» եւ Մասկանիի «Գեղջկական պատիվ» ներկայացումներում:

«Առավոտ»

25.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31