Կոճապղպեղը՝ իմբիրը, 9-րդ դարից հայտնի է եղել իբրեւ սրտխառնուքը կանխող լավագույն դեղամիջոց: Մի քանի տարի առաջ Դանիայի բժիշկներն այն կիրառել են հղի կանանց սրտխառնուքը կանխելու նպատակով: Վաղուց ապացուցված է, որ այս բույսն ավելի անվնաս եւ արդյունավետ է, քան սրտխառնուքի ժամանակ կիրառվող որեւէ այլ դեղամիջոց:
Բժիշկների մի խումբ հղիներին ամեն օր տալիս էր 1 կիլոգրամ կոճապղպեղ, իսկ մեկ այլ խումբ բուժում էր դեղերով: Հետազոտություններից պարզվել է, որ կոճապղպեղով բուժվող հղի կանայք իրենց ավելի լավ են զգում, քան նրանք, ովքեր դեղեր էին ընդունում: Կոճապղպեղը օրգանիզմի վրա որեւէ կողմնակի ազդեցություն չի գործում:
Հայտնի է, որ կոճապղպեղով համեմված սնունդը հեշտ է մարսվում, թեթեւակի կծու համի շնորհիվ ոչ միայն սնունդը դառնում է համեղ, այլեւ այն դրական է ազդում մեր մարսողական համակարգի վրա. լավացնում է ստամոքսահյութի սեկրեցիան, պաշտպանում մարսողության խանգարումներից, գղտոցից, կանխարգելում ստամոքսի խոցային հիվանդության առաջացումը:
Դանիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել կամավորների շրջանում, որոնք իրենց սննդակարգի մեջ օգտագործել են կոճապղպեղ: Շնորհիվ սննդակարգի փոփոխության՝ այդ մարդկանց մոտ 63%-ով պակասել են հոդացավերն ու մկանացավերը: Մասնագետները կարծում են, որ պատճառը կոճապղպեղի մեջ պարունակող ուժեղ բաղադրիչներն են, ուստի խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել 1 թեյի գդալ չորացրած կամ 2 թեյի գդալ ծեծած կոճապղպեղ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
25.07.2017